Վերջին շրջանում, երբ կրկին առիթ եղավ 4-5 օրվա ընթացքում մոտ 10 անգամ օգտվել օնլայն տաքսի ծառայություններից, ուշադրություն գրավեց մի շարք կրկնվող կամ գրեթե միանման հանգամանքների շարքը:
Նախ՝ գրեթե բոլոր դեպքերում վարորդները 25-35 տարեկանի միջակայքում էին, գրեթե բոլորը կոկիկ հագնված, իրենց արտաքինին հետևող մարդիկ: Քաղաքավարի էին: Գրեթե բոլորը «նստած էին» իշխանական պրոպագանդայի ալիքի վրա, թե՛ այն իմաստով, որ «Ազատության ձայնն» էին լսում (ռադիոկայանի անվանման իրենց տարբերակն է), թե՛ ուղղակիորեն:
Գրեթե առանց բացառության, բոլոր դեպքերում Փաշինյանի կողմնակից էին, բայց ոչ «կպչուն»: Բոլորի դեպքում կրկնվում էր խոսքի ներազդման նույն մեթոդիկան. եթե ուղևորը որևէ հասարակական-քաղաքական դժգոհություն է արտահայտում, վարորդ-պրոպագանդիստը հակադարձում է «կարևորը նրանցից ազատվեցինք» տրաֆարետ ֆրազով, հետո հաջորդում են մյուս «կաղապար» կամ «բանալի» ֆրազները՝ «հույսով լինենք, որ լավ է լինելու, ես, օրինակ, հույս ունեմ», «բա 30 տարվա քանդածը հո մի օրում չի՞ կարող Նիկոլը սարքել» («կախարդական փայտիկը» կորել է ), «Նիկոլը մենակով չի կարա, իր թիմը թույլ է, բայց ամեն դեպքում ավելի լավ է», հա, «Սովետից հետո առաջին անգամ (բացարձակ անհեթեթություն է, իհարկե) ճամփեքն են սարքում...» և այլն:
Վերջին վարորդ-քարոզիչն ընդհանրապես «տվեց-անցավ», թե բա՝ «Նիկոլը եթե նույնիսկ թալանի էլ, ավելի լավ է, քան...»:
Ընդհանուր մոտեցումը, կարծում եմ, հստակ է ուրվագծվում. ցանկացած դեպքում դիմացինի քննադատական մոտեցումը զսպել, արդարացնել գործող իշխանության նույնիսկ անգործությունը, ձգտել առանց քֆուր-քաֆարի հուսասպասողական տրամադրություններ փոխանցել դիմացինին:
Իհարկե, ամեն մեկն ազատ է իր մոտեցումներն ու տեսակետներն ունենալու և դրանք ներկայացնելու հարցում: Բայց երբ մի քանի օրվա ընթացքում հանդիպում ես նույնական, ըստ որում, ասես հատուկ դասընթաց անցած և ըստ ինստրուկտաժի խոսող-արձագանքող, նույն «կաղապարներով» գործող անձանց, բնականաբար, դա չես կարող զուտ պատահականություն համարել:
Կարելի է ավելի հեռուն գնալ և ենթադրել, որ գործարկվել է մի նոր «տաքսի-պրոպ» օպերացիա: Հասկանալի է, իշխանության կամ իշխանամերձ շրջանակների ջանքերով: Վերջին հաշվով, շատերը Ֆեյսբուքներում չեն ֆռֆռում, բացի այդ էլ՝ կենդանի շփումը, հաղորդակցությունը միշտ էլ ավելի լավ է ազդում:
Հա, մի ընդհանուր գիծ էլ, քիչ էր մնում՝ մոռանայ. գրեթե բոլոր վարորդ-քարոզիչների դեպքում վառ արտահայտված հիշողության կորուստ կար. նրանք բացարձակապես ոչինչ չէին հիշում կամ պարզապես ոչինչ չէին լսել, թե ինչ է եղել, ասենք, 10, 15 տարի առաջ: Իրենց որ լսես, Հայաստանը մինչև 2018 թիվը կործանված էր, և հետո եկավ Նիկոլն ու բոլորին փրկեց: Պրիմիտիվ է, բայց չէի ասի, թե չի «աշխատում»: