Դեկտեմբերի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին:

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հանդիսանալով հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահը՝ մեծապես կարևորում եմ Հայաստանի ու Վրաստանի միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, ինչպես նաև արդարադատության ոլորտում մեր երկրների միջև հաստատված գործընկերային, ջերմ և կառուցողական հարաբերությունները»:

Ավինյանի խոսքով՝ Հայաստանի կառավարության համար արդարադատության ոլորտի բարեփոխումներն ունեն առանցքային և հիմնարար նշանակություն. «Դրանք դիտարկվում են որպես կարևոր նախապայման այլ ոլորտային բարեփոխումների իրականացման և արդյունքների գրանցման առումով, հատկապես, եթե դիտարկում ենք ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի բարելավման ուղղությունը: Այս համատեքստում՝ անկախ, հաշվետու և կոռուպցիայից զերծ դատական համակարգի առկայությունը մեր երկրում ունի կենսական նշանակություն»:

Փոխվարչապետը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական և արդյունավետ զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է և որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է գործադրելու հնարավոր ջանքերը Վրաստանի հետ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ. «Այս համատեքստում, մեծապես արժևորում եմ մեր երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համակողմանի կապերի հաստատումը, որը հնարավորություն կընձեռի ապահովել օրենքի գերակայությունը, բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը, անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել