Արևն ամոթը կորցրած աղջկա նման բարձրացրեց շրջազգեստի փեշերն ու ամբողջ մարմնով ընկավ նրա վրա:
Հաճույքից քրտնեց, հետո հասկացավ, որ արդեն ուշ է, շատ ուշ ըմբոշխնելու նրան, քանի որ տարիները շատ են չարչարված ու դրանից էլ անուժ:
Անկարողությունից, որ էլ չի կարող իր կնճռոտ մատներով շոյելու արևի կուրծքը, կրծքերի վրա խոր արմատներով բուսած սրճագույն հատիկները՝ աչքերը բացեց:
- Բացեց աչքերը, - ո՞վ ասաց, չկարողացավ հասկանալ, բայց տեսավ շուրջը հավաքված կնոջը՝ Արևին, հարևաններին, մի տղամարդու ու մի քահանայի:
- Ես որտե՞ղ եմ:
- Մեղա քե՛զ, մեղա՛,- կինը խաչակնքեց ու անօգնական նայեց քահանային:
- Քանի՞ տարեկան է, - քահանաան զարմացած չէր:
- Յոթանասուն մեկ,- կինը նայեց անծանոթ տղամարդուն՝ բժշկին:
- Դո՞ւ քանի տարեկան ես, - քիչ առաջ մեռնող մարդը դիմեց քահանային:
- Երեսուն երկու:
- Անո՞ւնդ:
- Տեր…
- Տիրոջը հանգիստ թող, անունդ եմ հարցնում:
- Մեսրոպ, բայց ինձ տեր Ղուկաս են ասում:
- Քեզ ո՞վ է կանչել Մեսրոպ ջան, նա՞,- գլխով ցույց տվեց կնոջը:
Բժիշկը զգաց, որ իր մոտենալու պահը չպետք է կորցնել, մոտեցավ ու նստեց քահանայի կողքի աթոռին:
- Հայրիկ ջան, ասա տեսնեմ ի՞նչդ է ցավում, ինչի՞ց ես բողոքում, այն աշխարհից այս ո՞նց ետ եկար:
- Գրելո՞ւ ես մեկ-մեկ, բա՛ռ առ բա՛ռ, դե՛ գրիր, ինձ ետ բերեց արևը, բողոքում եմ բոլորից, իսկ թե ինչս է ցավում, տղա ջան, կյանքում նման հիմար հարց լսած չկայի, բա իմ տարիքի մարդուն նման բան կհարցնե՞ն:
- Ախր գնում էիր, Վազգեն ջան, այս ո՞նց եղավ, ես էլ չհասկացա քահանա կանչեմ թե՞ բժիշկ, երկուսին էլ կանչեցի:
Հիվանդը մի տարօրինակ հայացքով նայեց կնոջն ու գլուխը շրջեց:
Կինը շարունակում էր:
- Վազգեն ջան, շորերդ լվացած, արդուկած, պատրաստ դրված, աղջիկդ էլ Ամերիկայից տաք փոխնորդ է ուղարկել, կհագցնեինք քեզ ու…
- Այս վերջին րոպեներին գոնե հանգիստ թող, դուրս արի տնից, չեմ ուզում տեսնել:
Կինն անխոս հեռացավ:
Հետո կարծես մի խուլ խորհրդով հերթով սենյակից դուրս եկան հարևանները:
- Բժիշկ ջան, մի՛ նեղացիր, դո՛ւ էլ կարող ես գնալ, քո այցն ուշացած է, ժամանակին չկարողացաք բուժել, հիմա էլ ի՞նչ…
* * *
Արևն ընդամենը երեք մատնաչափ էր իջել պատուհանի վերին գծից ու իր ծակող աչքերով նայում էր նրա աչքերի մեջ:
- Ասա՛, մարդ արարած, էլ ի՞նչ ես ուզում, ետ բերեցի, որ քո վերջին խնդրանքը կատարեմ:
- Ես մի խնդրանք եմ ունեցել, զավակ ունենալ, որ այդպես էլ մնաց օդից կախված: Հիմա ոչինչ պետք չէ:
- Բայց դու դուստր ունես, այն էլ…
- …
- Ասա՛, կկատարեմ…
Մարդը ձեռքը երկարեց ու բռնեց արևի կոկորդը:
Դեռ ուժ կար արև խեղդելու ու սեղմվում էին մատները:
Արևն անօգնական թպրտում էր ու լարվածությունից կարմրել էր:
Շնչահեղձ էր լինում, փորձում ինչ որ բան բացատրել, բայց ձայն չէր կարողանում հանել…
Մեկ մեկ գալիս էին ու անկողնու կողքը հերթով շարվում գլուխները կախ ու ձեռքերը կրծքին խաչած ժամանակին, անժամանակ գետնի կողմից կուլ գնացած մարդիկ:
Դրանց մեջ երևաց նաև հայրը՝ Սամսոն դային, որն իր մշտական խիստ հայացքով, իրեն հատուկ դաժանությամբ նայեց ու ասաց.
- Բաց թո՛ղ, արդեն խեղդել ես:
* * *
- Մո՛տ նստիր Մեսրոպ, այդ խաչն էլ թաքցրու, խնդրում եմ:
Քահանան մոտեցավ:
- Տանը մարդ չկա չէ՞,- փորձ արեց անկողնուց բարձրանալ:
- Չէ՛, մենակ մենք ենք:
- Խոհանոցից երևի Արևն ականջները սրած լսում է: Թող լսի: Սա ոչ թե իմ վերջին օրն է, այլ նրա:
Խոսելը դժվար էր, բայց այդ պահին անհրաժեշտ էր անպայման ավարտել:
- Չընդհատես, ուշադիր լսիր, որ հետո ինքդ հանգիստ մեռնես: Դու շատ բարի աչքեր ունես տերտեր լինելու համար: Բայց դա քիչ է, պետք է մեռնես Մարդու նման, ինձ հասկանում ես չէ՞:
Քահանան գլխով արեց:
- Ինձ հորս կողքը չթաղեք, սա իմ վերջին կամքն է: Կկատարե՞ս:
Քահանան նայեց շուրջը, ձեռքը դրեց սրտին ու գլուխն իջեցրեց:
- Իսկ հիմա լսիր…
… Սամսոն դային՝ հայրս, խիստ, շատ խիստ մարդ էր:
Ոչ միայն հարևանները, այլ նաև ամբողջ թաղն էր վախենում նրանից:
Ես ու մայրս ստրուկի նման կատարում էինք նրա ցանկացած որոշումը:
Աստծուն չէր հավատում:
Ես հաճախ էի մորիցս լսում:
- Այ, թաղեմ շոռաչք գլուխդ…
- Այ, չոլումը սատկես, տեղդ չիմանան…
- Այ, քրքրվես դու, գետինը փորփորես…
Երրորդ կուրսում էի, որ մոտեցա հորս ու առանց վախենալու հարցրեցի.
- Պապ, գնում եմ շինջոկատ, ինձ փող է հարկավոր, կտա՞ս:
- Ո՞ւր, ի՞նչ փող, ինձ հարցրե՞լ ես:
- Ինստիտուտն է ուղարկում:
- Վճարելո՞ւ են քեզ, թե որ չէ…
- Այո, բայց չգիտեմ ինչպես, դա կարևոր չէ, պապ:
- Ձե՛նդ, դու գիտե՞ս փողի արժեքը: Լա՛վ կտամ:
Երկու ամիսներն անցան մեկ օրվա նման:
Երբ առանց փող վերադարձա, մի լավ ծեծ կերա հորիցս:
Հայրս, մորիցս էր պատահմամբ լսել թե ինչպես էր մյուս հարևանուհուն բողոքում, որ այսինչը «Վերտաս» կարի մեքենա բերել, այնինչը մորը շոր է առել, մյուսը… մյուսը…
Իսկ իմ անբա՞նը…
Ինստիտուտում դասերը սկսվել էին:
Կուրսով որոշեցինք նշել ուսումնական տարվա սկիզբն ու հենց այդ օրն էլ վատացա:
Չհասկացա թե ինչ տեղի ունեցավ, բայց զգաց,ի որ կատարվել է սոսկալին, որի մասին չէի կարող ասել ոչ մեկին:
Մնում էր մայրը:
… - Մամ, կարո՞ղ ես Հասմիկ տյոտյային ասել, որ ամուսինն ինձ ընդունի:
Մայրս զարմացած նայեց ու ձեռքի փոշու շորը սեղմելով նստեց աթոռին:
- Դու գիտե՞ս, որ նրա ամուսինը վեներոլոգ է, քո ինչի՞ն է պետք նա:
Գլուխս կախեցի:
Երբ ամեն ինչ հաստատվեց, առանց հորս իմանալու ոչինչ չէր կարելի անել, քանի որ բուժումը ծախսատար էր: Բժիշկն էլ ոչինչ չկարողացավ խոսք տալ: Այն մի քանի բառը որ կարողացավ հասկացնել հուսադրող չէին:
- Բուժելը կարող եմ խոստանալ, բայց այ հետագայում երեխա ունենալու խնդիրը կմնա բաց: Ուշացրել եք: Տիկին Մարգո, կարևորը տղայիդ առողջությունն է:
Երբ մորս ուշքի բերեցին իմ ականջին հասած շշուկով ասված բառերն էին:
- Աստված իմ, սատկած հորը պետք է քաշե՞ր:
Տանը երբ լվանում էի հորս բռունցքից կոտրված քթիցս եկող արյունը, լսեցի:
- Ամեն մեկը մի բան բերեց տուն, իսկ այս անբանը մի բուռ վարակիչ հիվանդություններ…
…Ամռան վերջին օրն էր, երբ մեր բակ մտավ, բակի հարևանությամբ գտնվող ս.Գևորգ եկեղեցու հովիվ Տեր Կորյունը:
Քաղաքացիական հագուստով էր ու շատ մտախոհ:
Մայրս լվացք էր փռում, իսկ ես, քանի դեռ հայրս տանից դուրս չէր եկել անգործ պառկած խոտերի վրա ծխում էի:
Վերջերս էր հայրս նրա տանը բուխարի հավաքել:
Տեր Կորյունը նայեց իմ կողմն ու չբարևեց:
Գլխով բարևեց մորս, նայեց պարանին կախված քնքուշ նրբերանգներով կանացի մարմինների համար կարված նուրբ սպիտակեղենին:
Մայրս կարծես անհարմար զգաց ու դրությունից դուրս գալու համար հարցրեց:
- Տեր հայր, ի՞նչ է, բուխարին չի շինել վերջացրե՞լ, թե՞ լավ չի աշխատում:
- Շինել է, այն էլ ինչպես, տա՞նն է,- դժգոհ, որ ստիպված թողնում է իրեն բարյացակամորեն հարցաքննեն, բարձրացավ աստիճաններով:
Քիչ հետո պատուհանից նայեց հայրս:
- Ներս չգա՛ք, ես Տեր հոր հետ խոսելիք ունեմ:
- Սամսո՛ն, սուրճ տամ, գնամ հարևանուհու մոտ:
- Չէ՛, հարկավոր չէ, գնա՛, էդ անբանին էլ մի տեղ ուղարկիր,- ձեռքով ցույց տվեց իմ կողմը:
Դա էր, որ ինձ ստիպեց տան ետևի ձեղնահարկ տանող աստիճաններով բարձրանալ ծնողներիս ննջարան, համոզված լինելով, որ այնտեղից կլսեմ նրանց խոսակցությունը:
…- Դու տականք ես, վավաշո՛տ սրիկա, ես քեզ վստահեցի օջախս, ի՞սկ դու պղծեցիր…
- Հանգստացի՛ր Տեր հայր, ինձ հետ նման տոնով…
- Ես թքել եմ քո վրա, եթե չգտնես ելքը, ես քեզ կսպանեմ, հավատա:
- Բայց հասկացիր, քո աղջիկն ինձ գայթակղեց, դե հասկանո՞ւմ ես դժվար էր դիմադրել:
- Սամսո՛ն, քեզ մեկ օր ունես: Ես աբորտի չեմ ուղարկի, ես չեմ խայտառակի աղջկաս, չեմ խայտառակվի ինքս: Հինգ շաբաթական է, ինչպե՞ս կարողացար, քսան տարվա տարբերություն, սատանա՞ ես ինչ է…
- Լավ, ես կլուծեմ այդ հարցը, ինքս էլ հո՞ չեմ խայտառակվելու…
…- Պետք է ամուսնանաս, ե՛ս եմ որոշել, խոսք եմ տվել Տեր հորը դեռ վաղուց, հո խոսքս գետին չե՞ս գցելու, իմ տղան ինձ հարգող պետք է լինի:
- Սամսոն ջան, դրա աղջիկը մեր տղայի հասակակիցն է ու հեչ ուտվող դեմք չունի: Գնանք տերտերի խնամի դառնա՞նք, հարևաններն ի՞նչ կասեն:
- Դու ձենդ կտրի, ծամդ կարճ գլուխդ դատարկ, պատվի հարց է:
Ես հասկացել էի ամեն ինչ, տարբերակ չունեի, բայց մտածում էի թե միգուցե ինձ կասի ճշմարտությունը, կամ չգիտեմ թե ինչպես մի կերպ կհասկացնի:
Չէի ցանկանում հորս խայտառակել, չէի ցանկանում ամուսնանալ Արևիկի հետ, ի՞նչ անել, չգիտեի:
Մորս ասել, դա նշանակում էր վերջնականապես մորս տապալել:
Մի վերջին փորձ մայրս արեց:
- Իսկ ասե՞լ ես, որ մեր տղան երեխա ունենալու կարողությունից…
- Քո գործը չէ, Տեր հոր աղոթքներով ամեն բան կկարգավորվի, խոստացել է: Ես հավատում եմ նրա խոսքին:
Հայրս նայեց ինձ:
Հայացքում այնքան թաքնված խնդրանք կար, այնքան անօգնական էր մշտապես խիստ ու ազդու աչքերի արտահայտությունը, որ ինձ ոչինչ չէր մնում անելու քան գլխով համաձայնվելը:
Ամուսնության ծիսակատարությունը կատարեց Տեր Կորյունը, այնքան հանգիստ ու համբերատար, կարծես ոչինչ չէր եղել:
Հարսանիքի հաջորդ օրը մայրս լալիս էր, երբ հարևանուհիները եկել էին «կարմիր խնձորի»:
Ես այդպես էլ չհասկացա, հայրս գիշերը պատմել էր մորս թե՞ ոչ:
Անհասկանալի պատճառներով մայրս հիվանդացավ, չհասկացանք ինչ եղավ ու մեկ ամիս անց մահացավ:
Հայրս, որ էլ առաջվա ահազդու Սամսոն դային չէր, մահացավ երեխան ծնվելուց երկու օր առաջ, այդպես էլ չտեսնելով իր թոռան, թե երեխայի ծնունդը:
Երեխայի անունը կնքեցի մորս անունով՝ Մարգարիտա:
Արևիկն էլ՝ կինս մինչ այսօր տեղյակ չէ իմ իմացած գաղտնիքի մասին ու մեր ամբողջ ամուսնական կյանքի ընթացքում միշտ կրկնում էր:
- Աղջկադ հարկավոր է…
- Աղջկադ պետք է…
- Աղջիկդ…
Հետո, տասնինը տարեկանում քույր ասեմ թե աղջիկ չգիտեմ, ամուսնացավ ու տեղափոխվեց Ամերիկա ապրելու:
Ամբողջ պատմության ընթացքում Տեր Ղուկաս-Մեսրոպը չընդհատեց:
Երկար նայեց հիվանդին ու հարցրեց:
- Հիմա ասա, ի՞նչ ես ուզում:
- Չգիտե՛մ, Արևին ասե՞մ, թե մեջս պահած այդ գաղտնիքը հեռանամ, ես զգում եմ իմ մահը:
- Հարկավոր չէ, ինձ էլ երևի պետք չէր պատմել: Դու Մա՛րդ ես եղել, Մա՛րդ էլ հեռացիր: Այսօրվանից ես վստահ եմ, որ իմացա մի Մարդու, որն իրոք հարգանքի արժանի կյանք է ունեցել:
- Շնորհակալ եմ, Մեսրոպ ջան, խնդրածս չմոռանաս, հորս կողքը չթաղես…իսկ հիմա գնա ուզում եմ մենակ մնալ:
Երբ Մեսրոպը դուրս էր գալիս բնակարանից, տեսավ խոհանոցում նստած լաց լինող Վազգենի կնոջը՝ Արևին:
Հասկացավ, որ ամեն ինչ լսել էր, բայց առանց ձայն հանելու խաչակնքեց ու հեռացավ:
Կինն արցունքների միջից մրմնջում էր:
- Հաջողություն քեզ, հաջողություն Մարդ Աստծո…
* * *
Արևը թիկնել էր մայրամուտի սպիտակ, փափուկ սավանին ու նայում էր կկոցած, նիրհող աչքերով:
Փեշերը փռվել էին անկողնով մեկ:
Համարյա մայր էր մտնում, աչքերը փակվում էին, բայց կես քուն կես արթուն հասցրեց շշնջալ:
- Հաջողություն քեզ, Մարդ, քո ճանապսրհն էլ դա էր ու դու կարողացար պատվով քայլել քեզ հատկացված ճանապարհի հատվածով:
Հասա՞ր…
Չհասա՞ր…
Դա արդեն կարևոր չէ:
Կարևորը քո ճանապարհն էր, որ վերջացավ…
Մատներն անկախ իրենից բացվեցին, բաց թողեց արևի փեշերն ու ձեռքերը թուլացած կախվեցին մահճակալից…