«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեն: Կողմ քվեարկեց 77 պատգամավոր (ներառյալ գործուղման մեջ գտնվող և իրենց քվեարկությունների մասին դիմած պատգամավորների ձայները), դեմ՝ 37: 

Դեմ քվեարկողները, ինչպես և նախապես հայտարարվել էր, ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորներն էին:

Այսինքն, բյուջեին կողմ էին միայն «իմքայլականները»: Ամփոփիչ խոսքում վարչապետ Փաշինյանն այս բյուջեն գնահատում էր որպես հեղափոխական:

Ուշագրավ է, որ հանձնաժողովներում քննարկումների ժամանակ նույն Փաշինյանը տվել էր «պահպանողական» որակումը: 

Չնայած այս ընթացքում գրեթե շոշափելի ոչինչ չի փոխվել նախագծում, սակայն վարչապետը հանկարծ որոշել էր, որ արդեն հեղափոխական է ընդամենը 4,9 տոկոս տնտեսական աճ նախատեսող բյուջեն: 

Վարչապետը երեկ նորից ամբողջ պատասխանատվությունը բարդեց շարքային քաղաքացիների վրա՝ կոչ անելով աշխատել: 

Նա,  իհարկե, ճիշտ է. լավ ապրելու համար չկա այլ բանաձև, քան աշխատելն է: Սակայն Փաշինյանը հերթական անգամ ակնարկում է, որ պետության վրա մարդիկ հույս չդնեն, իրենք իրենց գլխի ճարը տեսնեն՝ մոռանալով, որ չեն կարող բոլորը գործարար լինել: 

«Փաստի» հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է. 

«Մեր երկիրը գործող Սահմանադրությամբ սոցիալական պետություն է։ Սահմանադրությամբ հստակ սահմանված են պետության պարտավորությունները, որոնք պետք է իրականացնի գործող իշխանությունը։ 

Դրանք պետք է կատարի հստակ ծրագրային հենքով, այդ թվում՝ նաև պետբյուջեով, ռազմավարական փաստաթղթերով։ Դրանցից հիմնականը աղքատության հաղթահարումն է, զբաղվածության ապահովումը և այլն։ 

Ինչքան էլ քարոզենք մեկ–երկու դրվագային ձեռքբերում, փորձենք դրա մասին բարձրաձայնել, տարբեր փաթեթավորումներով ներկայացնել, միևնույն է՝ աղքատ մարդու սառնարանում, եթե, իհարկե, ունի, չի ավելանում սննդամթերքի քանակն ու տեսակը, իսկ գրպանում՝ գումարը։ 

Պետությունը պետք է աջակցի մարդկանց»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել