Լեփ-լեցուն դահլիճ, սիրված և նոր հիթեր, իսկ բեմում Արամեն է, ով երեկ մոտ երկու ժամն իր հանդիսատեսի համար անմոռանալի դարձրեց: Երգչի հետ ելույթ ունեցան Անժելիկա Ագուրբաշը, Դիանա Գուրցկայան և կինը` Աննա Թովմասյանը: BlogNews.am-ը ներկա էր Արամեի մենահամերգին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:
Երգիչը Երևանում երկար ժամանակ մենահամերգ չէր ունեցել. «Այս տարիների ընթացքում ունեցել եմ հարյուրավոր շրջագայություններ, մենահամերգներ։ Հիմա այնպիսի հուզմունք կա, գուցե այն պատճառով, որ շատ վաղուց հայաստանաբնակների առջև ելույթ չեմ ունեցել: Ես պատրաստել եմ երգեր՝ սկսած իմ առաջին քայլերից, երբ մուտք գործեցի երգարվեստ, և իմ ամենանոր հիթերից»:
Երգիչն Անժելիկա Ագուրբաշի և Դիանա Գուրցկայայի հետ երկու նոր երգ ներկայացրեց, իսկ ինչ վերաբերում է Աննային. «Երկու տարի առաջ Մոսկվայի Կրեմլյան մենահամերգում նա ևս բալիկի էր սպասում` իմ հրաշք աղջկան, իսկ այս մենահամերգի ժամանակ Աննան կրկին հղի է, սպասում ենք մեր տղային:
Այս համերգի ընթացքում ես էլ պետք է վայելեմ երգեր, որոնք շատ վաղուց չեմ երգել, նույնիսկ որպես հուշում բառերն եմ դրել բեմի վրա` «Վայրի վարդեր», «Կապույտ երկինք», «Առավոտ», «Հարյուր տարի», «Արցունքիս մեջ»»:
Երգիչը խոստովանեց, որ Աննայի հետ ունեն ձայնագրած երգեր և պատրաստվում են հետաքրքիր նախագիծ անել. «Կարծում եմ՝ հենց հնարավորությունը լինի, մենք կաշխատենք այդ ուղղությամբ և կստեղծենք հետաքրքիր պատմություն` ներկայացնելով մեր հանրությանը: Շատ հետաքրքիր գաղափար ունենք, որը մինչև հիմա ոչ մեկի մտքով չի անցել»: