Ավելի քան 800 000 մարդ բողոքի ակցիաներ է անցկացրել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, մինչդեռ  երկաթգծի, հիվանդանոցների, դպրոցների և մի շարք այլ հաստատությունների աշխատակիցներ իրականացնում են վերջին տարիների ընթացքում խոշորագույն գործադուլը երկրում:

Ինչպես նշում է The Guardian-ը, դժգոհության պատճառը նախագահ Էմանուել Մակրոնի՝ կենսաթոշակային համակարգում փոփոխություններ անելու ծրագիրն է: Գործադուլի մասնակիցները պնդում են, որ Մակրոնի ծրագրի իրագործման դեպքում միլիոնավոր մարդիկ ստիպված կլինեն ավելի երկար աշխատել ու ավելի քիչ գումար ստանալ:

Պարբերականը նկատում է, որ տրանսպորտային ոլորտի աշխատակիցների գործադուլի հետևանքով դադարեցվել է գնացքների, մետրոյի և ավտոբուսների աշխատանքը, չեղարկվել են որոշ չվերթներ:

Մայրաքաղաք Փարիզում ոստիկանությունը բախվել է մի խումբ ցուցարարների հետ և արցունքաբեր գազ կիրառել: Ցուցարարներից որոշները ջարդուփշուր են արել ավտոբուսների կանգառները, խանութների ապակիները, շրջել են կայանված մեքենաները, հրկիզել են աղբամանները: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 70 մարդ:

Փարիզյան ցույցին մասնակցել են բուժաշխատողներ, էներգետիկ ոլորտի աշխատողներ, հրշեջներ, ուսուցիչներ, աշակերտներ, որոնք ծածանել են «Մակրո՛ն, հեռացի՛ր» գրությամբ պաստառներ:

«Սա կյանքի և մահվան հարց է Ֆրանսիայի սոցիալական համակարգի համար, որը Մակրոնը կազմաքանդում է: Մեզ վերադարձնում են 1945թ.-ից առաջ ընկած ժամանակահատված, երբ սոցիալական ապահովության ցանցը կորցնելու վտանգի առաջ էինք»,-ասել է 20 տարի Փարիզի քաղաքապետարանում աշխատող Իզաբել Ժարիվեն, որի պնդմամբ՝ օդում թևածում է ըմբոստության տրամադրությունը:

Ստորև ֆոտոշարքով ներկայացված են ցույցերի ուշագրավ պահերը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել