Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի փաստաբանը առաջիկայում կբողոքարկի Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու և նրան կալանավորելու որոշումները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանի փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ մոտակա ժամանակաշրջանում կներկայացնեն բողոքը։

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է դեռ նոյեմբերի 25-ին, սակայն ձեռնպահ էր մնում հրապարակել, թե կոնկրետ որ հոդվածով է ներգրավվել որպես մեղադրյալ։ Միայն շուրջ 10 օր անց՝ դեկտեմբերի 5-ին, հայտարարվեց, որ

Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 5 հոդվածներով՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր հետևանք առաջացնող պաշտոնեական լիազորությունների չարաշահման օժանդակման, պաշտոնեական կեղծիքի օժանդակման, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պարտակելը օժանդակելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը օժանդակելու համար ։ 

Գ.Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել նոյեմբերի 28-ին և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչի դեկտեմբերի 4-ին բավարարվել է։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, որտեղ նշվում էին նաեւ Գևորգ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները:Նույն օրը հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Գեւորգ Կոստանյանը. «ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ այս անհեթեթ մեղադրանքներից իմ, ինչպես նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար», - ասել է նախկին գլխավոր դատախազը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել