Հաղորդավարուհի, մոդել Սյուզաննա Սեդրակյանը վաղուց այլևս չի երևում հեռուստատեսությամբ, իսկ Ինստագրամի էջն այլևս բաց չէ բոլորի համար: Չնայած այս ամենին՝ վերջինս BlogNews.am-ին է տրամադրել իր ծննդյան խնջույքի լուսանկարները և պատասխանել մի քանի հարցի:
«Բոլորիս կյանքում գալիս է մի պահ, երբ այլևս չես ցանկանում լինել ուշադրության կենտրոնում, լինել հանրային դեմք և թափանցիկ: Իմ կյանքում հիմա շատ ավելի լուրջ և կարևոր պահեր կան, որոնք ցանկանում եմ պահել աչքից հեռու: Ես իմ առաքելությունը կատարել եմ իմ կարիերայում և համարում եմ, որ նոր և ավելի հասուն կյանք պետք է վարեմ»:
Մոդելը հաճախ է ոճային փոփոխություններ անում, ասում է այս անգամ իր որոշումը չէր սևահեր դառնալը. «Ես խոստացել էի սիրելիիս մեր հարաբերությունների մեկ տարին լրանալուն պես դառնալ սևահեր: Ամիսներ առաջ ես փոխեցի ոճս, չնայած մարդիկ արդեն սովոր են նրան, որ ես վեց ամիսը մեկ փոխում եմ ոճս: Ինձ թվում է, ոչ միայն սիրելիի այլ նաև շատերի կողմից էր սպասված ինձ տեսնել այս ոճում: Իհարկե ես շիկահեր եմ գրավել իմ սիրելիի սիրտը, բայց առաջին օրվանից էլ եղել է ցանկություն ինձ տեսնել սևահեր»:
Սյուզին ևս հավանում է իրեն սևահեր, ասում է, եթե ինչ որ մի բան իրեն դուր չգա, ոչ ոք չի կարող ստիպել անել. «Իմ բնավորությունը լավ իմանալով՝ վստահ եմ դեռ շատ ոճերում կներկայանամ: Կարծում եմ, յուրաքանչյուր կին պետք է գնա զիջումների և գոհացնի իր տղամարդուն, եթե վաղը ասի, որ պետք է կտրուկ փոխեմ ոճս՝ չեմ զլանա: Ինձ նույնպես դուր չեն գալիս ստանդարտ և հոգնացնող աղջիկները: Փոփոխությունները ես հաճախ ինձ համար էլ եմ անում, որովհետև միշտ հոգնում եմ հայելու մեջ ինձ երկար նույն կերպարով տեսնելուց»:
Մոդելը խոստովանում է, որ կյանքի այս փուլում ունի ամեն ինչ ինչի մասին կարող է երազել յուրաքանչյուր կին. «Ես ընտրել եմ իմ կյանքի ուղեկցին, ում հետ փոխվել է իմ կյանքը և նպատակները: Ես ինձ չեմ տեսնում այլևս պաֆոսային կյանքում՝ երեկույթներ, գովազդներ, նկարահանումներ, հասուն կյանքը ինձ համար ընտանիք, երեխա և սիրած տղամարդու հետ է միայն. առանց տեսախցիկների: Երբ ապրում ես կյանքի այլ և կարևոր արժեքների համար, քանի հայտնի կամ պահանջված լինելն է»:
Այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք օրինականացնել հարաբերությունները, մոդելը նշում է. «Իմ առօրյան անցնում է նախապատրաստական աշխատանքներով (փակագծերը հիմա չեմ ցանկանում բացել), սիրելիի հետ և ապագա պլաններով: Այս պահին վայելում եմ կյանքս մինչև 2020-ը, իսկ հետո պլանները շատ են, որոնք ցանկանում եմ թողնել վարագույրի այս կողմում: Կասեմ, որ ամեն ինչ արվում է երկուսիս կողմից, բայց միշտ պահելու ենք ստվերում այն, ինչ վերաբերում է անձնականին: Մենք միասին ենք քսանչորս ժամ, ամենուր և ամեն տեղ։ Ինձ թվում է՝ հենց դա է միասին ապրելը»:
Անձնական կյանքի մասին խոսում է, բայց սիրելիին ցույց չի տալիս, չնայած երբ մոդելի Ինստագրամի էջը հասանելի էր շատերի համար, նրա սթորիներում հայտնվում էին տղամարդիկ. «Գուցե հասունացել եմ այնքան, որ հասկացել եմ՝ թանկ մարդկանց պետք է պահել աչքից հեռու: Իմ սթորիներում հայտնվելուց հետո ես կորցրի սիրելիիս և այլևս չեմ ցանկանա նման սխալ թույլ տալ իմ կյանքում: Ճիշտ է, դրանից անցել են տարիներ, բայց այս տարիների ընթացքում հասկացել եմ, որ պետք է երջանկությունը պահել ստվերում, ոչ թե դարձնել հանրային քննարկման առարկա»:
Նոյեմբերի 2-ին Սյուզաննա Սեդրակյանը նշել է ծննդյան օրը. «Օրս անցկացրել եմ մոտ և հարազատ մարդկանց հետ, ում հետ շփվում եմ վերջին շրջանում, ովքեր հանրային չեն։ Քանի որ մեր հարաբերությունների մեկ տարվա խնջույքը կազմակերպել էի ես, և նա ոչինչից տեղյակ չէր, այս անգամ ամեն ինչ նա էր արել, և ես ոչնչից տեղյակ չէի: Ես իմ ծննդյան օրը հյուր եմ եղել: Ծնունդս անցել է շատ հետաքրքիր, բազում անակնալներով: Մեր կյանքի տասնհինգ ամսվա ընթացքում ես արդեն ստացել եմ բազում ծաղիկներ, և սիրելիս կյանքիս այն տղամարդն է, ով ինձ նվիրել է ամենաշատ ծաղկեփնջերը: Ես արդեն ունեցել էի 555 վարդից բաղկացած ծաղկեփունջ, որին հաջորդել է 1111-ը: Այս անակնկալը շատ գեղեցիկ մատուցվեց»:
Ստացած թանկարժեք նվերների մասին մոդելը որոշեց չխոսել, միասին շնորհակալություն հայտնեց բոլոր հյուրերին. «Ինձ համար թանկ նվեր էր նրանց ներկայությունը, ջերմությունը և սերը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել սիրելիիս ապրածս ամեն պահի համար, ինձ երջանկացնելու և նվիրելու համար կյանքում ամենաթանկը՝ նրա անդավաճան և այդքան մեծ սերը»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի