Այսօր Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնը:
Վարդավառը Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն կատարվում է Զատկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ին ընկած ժամանակահատվածում:
«Պայծառակերպվել» կամ «այլակերպվել» նշանակում է կերպարանափոխվել: Այս դեպքը կատարվել է Հիսուս Քրիստոսի հետ, երբ նա Փիլիպպյան Կեսարիայի մոտ առաքյալների հետ խոսելուց 7 օր հետո ուղևորվեց Թաբոր լեռը` Իր գիշերային հսկումն ու ամենօրյա աղոթքն անելու: Առաքյալներից իննին ներքևում թողնելով, որպես աղոթակից ընկեր Նա իր հետ վերցրեց միայն երեքին` Սիմոն Պետրոսին, Զեբեդյան եղբայրներ` Հակոբոսին ու Հովհաննեսին: Երբ Հիսուսն աղոթում էր, վերջիններս չկարողացան դիմանալ և նիրհեցին:
Հիսուս Քրիստոսն իր փառքով, աստվածային կերպարով իշխում է եւ հանգուցյալների եւ մարմնավորների վրա: Իր երեք աշակերտների ներկայությամբ այնտեղ նա այլակերպվում է, ստանում աստվածային կերպար: Մինչ այդ նրան տեսել են հասարակ մարդու կերպարով: Իհարկե, նա ամբողջովին աստվածային չէր, այլ այն պատկերով, որով նրան կարող էին ընկալել մարդիկ:
Հատկանշական է այն, որ Քրիստոսին շրջապատում էին հրեա ժողովրդի երկու մեծ մարգարեները՝ Եղիան եւ Մովսեսը, երկուսն էլ ապրել են Քրիստոսից շատ վաղուց: Նրանք աշակերտների աչքերի առջեւ խոսել են Քրիստոսի հետ: Եղիան կերպավորում էր մարմնացած մարդկությանը, Մովսեսը՝ հանդերձյալ աշխարհը: Այդ ժամանակ էլ երեւում է Աստվածն ու ասում. «Դա է Իմ սիրելի Որդին, Դրան լսեցեք»:
Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության վերաբերյալ կա մի հին ավանդույթ, որ թերևս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Որոշ հետազոտողներ և աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի՝ տապանից իջնելու հետ՝ միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտելով իբրև Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն:
Կա եւս մեկ պատմություն, որը հեթանոսական է, Հայաստանի Հին Աշտիշատի հեթանոսական կենտրոնում ամեն տարի ամռանը մարդիկ տարբեր վայրերից գալիս էին ու նշում վարդավառը: