Antifake.am-ը գրում է.
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որով հաստատել էր Երևանի ռեստորաններից մեկում հարազատներին խաշ հյուրասիրելու համար 290.000 դրամ «հաշիվ փակելու» տեղեկությունը։
Միրզոյանն իր գրառմամբ անդրադարձել էր նաև այն հարցին, թե արդյոք սովորական աշխատավարձով հնարավոր է նման շռայլ ծախսեր անել՝ նշելով, որ մինչև պատգամավոր դառնալը ներկայիս աշխատավարձից կրկնակի վարձատրվող աշխատանք է ունեցել.
«Նաև պնդում է արվում, թե ես այդպիսի բան ինձ նախկինում չէի կարող թույլ տալ, ու անգամ իմ ապառիկները չէի կարողանում փակել։ Ասեմ, որ մինչև ԱԺ պատգամավոր ընտրվելը ես շատ բարձր վարձատրվող աշխատանքներ եմ ունեցել։ Ասենք՝ այժմյան աշխատավարձիս շուրջ կրկնակին»,- նշված է Միրզոյանի գրառման մեջ։
Հասկանանք, թե որքան աշխատավարձ է ստանում Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, և հաշվենք, թե որքան աշխատավարձ է ստացել իր՝ մինչև ԱԺ պատգամավոր դառնալը կատարած աշխատանքի համար։
«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 2019 թվականին պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66.140 դրամ։
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 1-ին հավելվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը 18 է։
Ուստի ՀՀ ԱԺ նախագահի՝ 2019 թվականի պաշտոնային դրույքաչափը ամսական 1.190.520 ՀՀ դրամ է, իսկ հարկված՝ 851,174.4 դրամ։
Արարատ Միրզոյանի պնդմամբ՝ մինչև Աժ պատգամավոր դառնալը նա վաստակել է ներկայիս աշխատավարձի շուրջ կրկնակին, այսինքն՝ շուրջ 1 միլիոն 700 հազար դրամ։
Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի ընտրություններով՝ «ԵԼՔ» դաշինքի ցուցակով։ Միրզոյանը պատգամավորի մանդատը ստացել և Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնել է մայիսի 17-ին։
Արարատ Միրզոյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա, մինչև պատգամավոր դառնալը, վերջին 4 տարիներին՝ 2014-2017թթ., աշխատել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտում որպես քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ։ Ստացվում է, որ իր գրառման մեջ նշած աշխատավարձը Միրզոյանը ստացել է հենց այս կառույցում աշխատելիս։
Պարզելու համար, թե 2017թ.-ին Արարատ Միրզոյանը քանի ամիս է աշխատել այս հաստատությունում, հարցում ուղարկեցինք ՀՀ ԱԺ նախագահին։ Վերջինիս աշխատակազմը սկզբում գրավոր հարցմամբ պատասխանեց, որ ԱԺ նախագահի կենսագրությունն հրապարակային ներկայացված է։ Մեր այն դիտարկմանը, որ վերջին աշխատանքից ազատման ամիսը և ամսաթիվը նշված չէ Միրզոյանի կենսագրության մեջ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը նախ խոստացավ ԱԺ նախագահի մամլո խոսնակից ճշտել և ասել, ապա մեզ հետ կապվեց Միրզոյանի ռեֆերենտ Լուսինե Բաղդասարյանը, ով պնդեց, որ Արարատ Միրզոյանի կենսագրության մասին տեղեկություն ստանալու համար դիմենք այն կազմակերպություն, որտեղ աշխատել է Միրզոյանը, «քանի որ Արարատ Միրզոյանը չի հիշի ազատման ամիս-ամսաթիվը»։ Մենք նշեցինք, որ գոյություն ունի աշխատանքից ազատման հրաման, որտեղ նշվում է աշխատակիցների ազատման օրը, ամիսը և տարին, սակայն Բարսեղյանը շարունակաբար պնդում էր այդ հարցով դիմել տվյալ կազմակերպությանը։ Մեր պնդումները, որ Արարատ Միրզոյանի կենսագրության վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավասու անձը հենց Միրզոյանն է, ռեֆերենտը չընդունեց և հրաժարվեց տրամադրել մեզ անհրաժեշտ տեղեկությունը, ապա սկսեց ոչ կոռեկտ և վիրավորական արտահայտություններ անել AntiFake.am-ի հասեցին՝ փաստացի չարաշահելով իր դիրքը և շրջանցելով էթիկայի բոլոր նորմերը։ Ռեֆերենտի կողմից տեղեկությունը չտրամադրելու հետևողական «ջանքերն» ու նման ջղաձգված պահվածքը առնվազն խոսում է այն մասին, որ մեր հարցման մասով աշխատակազմը թաքցնելու բան ունի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ