Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հիմնադիր Աշոտ Ալիխանյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած  «Հանրակրթություն. խնդիրներ, հիմնահարցեր» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ.

«Առաջ, եթե դպրոցից էինք սկսում, որպեսզի ապահովեինք բուհի առաջընթացը, ապա այսօր ամեն ինչ պետք է բուհից սկսել: Մենք միշտ ծառայել ենք բուհին, սպասել ենք՝ թե բուհը, երբ կհրապարակի իր ընդունելության քննությունները, որպեսզի, ըստ այդմ,  պատրաստվենք: Սակայն, այս պահին հակառակն է. բուհերը  կործանված վիճակում են, և մենք որևէ բուհից ոչ մի նորմալ կադր չենք ստանում: Այսօր դա  նույնիսկ զավեշտի է հասնում: 100 հոգի կարող է մրցույթի մասնակցել և այդ 100-ից  նույնիսկ մեկը չհաղթահարի նվազագույն շեմը, իսկ մենք որտեղի˚ց մանկավարժ ստանանք, եթե ոչ մեր բուհերից:

Արտասահմանից կարող ենք մանկավարժների հրավիրել, բայց արտասահմանցի կադրերից իմ կոլեգաները դժգոհում են՝ ասելով, որ նրանք «հյուրախաղերով» հանդես եկող խմբի նման են և իրենց համար նշանակություն չունի, թե ով է իրենց առջև նստած՝ վրացի, թե˚ հայ, ադրբեջանցի, թե˚ չինացի: Նրանց ծրագիրն ազգային հենքի վրա չէ և նրանք դրան ուշադրություն չեն էլ  դարձնում: Պրագմատիկ ձևով կատարում են իրենց աշխատանքը, ստանում ամսական աշխատավարձն ու գնում: Ես ինքս էլ եմ դրան կտրուկ դեմ, թեկուզ գիտեմ, որ շատ ընկերություններ և միջազգային դպրոցներ, օգտվում են արտասահմանյան կադրերից, բայց կարծում եմ, որ հայաստանցի երեխային պետք է դասավանդի հայաստանցի մանկավարժը:

Որտեղի˚ց գտնենք այդ մանկավարժին. հարցն այնքան է ծանրացել, որ մենք ստիպված պրակտիկաներ ենք կազմակերպում, այդտեղից ընտրում ենք գոնե մեկ հոգու, որից կարելի է մանկավարժ կերտել, հետո վերապատրաստումներով դարձնում ենք մասնագետ: Հավատացեք, դա ավելի բարդ գործընթաց է, քան մեր ուսումնական պրոցեսի կազմակերպումը: Իսկ այն, որ մեր կրթական ծրագիրն աշխարհի ամենահզոր ծրագրերից մեկն է, փաստ է, կատարող չկա ուղղակի, կարգուկանոն չկա: Կարծում եմ, եկել է ժամանակը սովորական փոփոխություններից՝  ալգորիթմային փոփոխությունների անցնելու: Արայիկ Հարությունյանն իմ 20-րդ նախարարն է և ես չեմ հիշում մի դեպք, երբ որևէ նորանշանակ նախարար գա ու, առաջին հերթին, չսկսի օրենքը փոփոխել, հետո չափորոշիչները փոխել, արդյունքում որևէ մեկը սկսած գործը ավարտին չի հասցնում, թողնում է կիսատ, գալիս է հաջորդն ու  ամեն ինչ սկսում նորից:

Եվ ես առաջարկում եմ երկհարկանի մի կառույց ստեղծել, որի առաջին հարկում նախարարությունն է, իսկ երկրորդում՝ նստած կլինեն ազգային գաղափարախոսությունը պահպանող մարդիկ, որին կընտրի ժողովուրդը, որտեղ կլինեն մեր ազղգային մեծերը, օրինակ, Կոմանդոսը, Տիգրան Մանսուրյանը, Կարեն Վարդանյանը. ազնվագույն մարդիկ, մաքուր, նվիրված ազգասեր, որոնք լավ էլ հասկանում են կրթությունից, որոնք կնստեն վերևում և կորոշեն, թե ո˚ր ուղղությամբ պետք է գնանք, որովհետև, երբ խոսում ենք որևէ երկրի ձեռքբերումների մասին, հատկապես Իսրայելի, ասում ենք «դե, ազգային գաղափարախոսություն ունեն», իսկ մենք ինչի˚ չունենք: Եթե չունենք, ապա կարող ենք մեր ազգային գաղափարախոսությունը  դարձնել Հովհաննես Թումանյանի ամբողջ կյանքն ու ստեղծագործությունը, որովհետև Թումանյանն այսօրվա համար է գրել: Թումանյան չենք ուզում, կարող ենք քրիստոնեության բարոյականության հիմունքներով առաջնորդվել, դա ոչ ոք չի կարող մերժել, որովհետև դա է մեր հիմքերի հիմքը, և ցանկացած ընտանիքի և դպրոցի արժեքային համակարգ հնարավոր է դրանով ապահովել, իսկ արժեքային համակարգն ապահովելով՝ կարգուկանոն կհաստատվի»:

 «Երեւակ» լրատվավերլուծական խումբ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել