Ես չէի անդրադառնա Հայկ Սարգսյանին կամ նրա նախաձեռնությանը, սակայն այս խնդիրը, ցավոք, ո՛չ նրանով է սկսվել, ոչ էլ նրանով է վերջնալու․ այն մեր հանրային դիսկուրսում շրջանառվում է բավական վաղուց։ Այս գաղափարի ջատագովները բավական ուժեղ մի քանի փաստարկ ունեն․
Ա) Հարուստները, միևնույն է, տարբեր միջոցներով հնարավորություն են գտնում իրենց երեխաներին ազատելու ծառայությունից, ավելի լավ չէ՞ պաշտոնականացնել դա, և այդ միջոցները գնան պետական բյուջե,
Բ) Արտագաղթի մի մասն էլ պայմանավորված է տղա երեխաներին երկրից հեռացնելու ձգտմամբ, ընդ որում՝ արդյունքում երեխաների հետ հեռանում են նաև ծնողները, սա կկասեցնի արտագաղթը,
Գ) Ստացված միջոցները հնարավորություն կտան յուրաքանչյուր ժամկետային զինծառայողի փոխարեն մեկ պայմանագրային ծառայող պահելու, ուստի բանակը չի տուժի։
Այս փաստարկները անհիմն չեն, ուստի նրանց ևս խիստ հիմնավոր հակափաստարկներ են պետք։ Փորձեմ շարադրել մի քանիսը․
Ա) Ժամկետային ծառայությունից ազատվելը փողով պաշտոնականացնելով՝ մենք սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև և էլ ավելի բևեռացնում առանց այդ էլ պառակտված հասարակությունը, սրա երկարաժամկետ բացասական հետևանքները ոչ ոք չի հաշվարկել,
Բ) նախնական հաշվարկներով՝ երկրի բնակչության 20-25%-ը ֆինանսապես հնարավորություն կունենա «օգտվելու» այս օրենքի ընձեռած հնարավորությունից (թեև չի նշանակում, որ կօգտվի), դա մեր զորակոչային ռեսուրսի խիստ շոշափելի կորուստ է, որը հատուցելն այդքան էլ հեշտ չէ։ Արդեն հիմա էլ բանակի մոտ 2/3-ը պայմանագրային հիմունքներով է ծառայում, և այնպես չէ, որ կարելի է հեշտորեն հազարավոր նոր ցանկացողներ գտնել,
Գ) Ժամկետային ծառայությունն անհրաժեշտ է ոչ միայն գործող բանակը համալրելու համար, այլև մոբիլիզացիոն ռեսուրս ստեղծելու պատերազմի դեպքում։ Առաջարկվող օրենքի փոփոխությունը շոշափելի հարված կհասցնի նաև մեր մոբիլիզացիոն ռեսուրսին, առանց որևէ փոխհատուցման,
Դ) Առաջնագծի այն հատվածներում, որոնք հեռու են բնակավայրերից, պայմանագրային զինծառայողներով համալրումը ընդհանրապես խնդրահարույց է, ուստի ժամկետային ծառայողները սահմանի այդ հատվածը պաշտպանող հիմնական ռեսուրսն են, նրանց փոխարինելը հաճախ նույնիսկ իրատեսական էլ չէ,
Ե) Պատերազմող երկրում այսպիսի նախաձեռնություններն ընդհանրապես բարոյալքող են, և հասարակության քաղքենի և նյութապաշտ շերտերի մոտ պատրանք են ստեղծում, որ ինչ-որ մեկն իրենց փոխարեն պետք է պաշտպանի երկիրը, իսկ իրենք վայելեն միայն խաղաղության բարիքները,
Զ) Բանակում ժամկետային ծառայությունը քաղաքացու կարևորագույն պարտականությունն է երկրի առջև։ Եթե նա պաշտոնապես հրաժարվում է այդ պարտականությունը կատարելուց, ավտոմատ պետք է զրկվի նաև բազմաթիվ իրավունքներից (ընտրական, սոցիալական ապահովության, հարկային արտոնություններից, պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից և այլն), ոչ թե պարզապես տուգանք մուծի և անարդար առավելություն ստանա իր տարեկիցների նկատմամբ։
Մեր պաշտպանության նախարարությունը արդեն կոշտ դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը, և դա լրիվ արդարացված է։ Ժամկետային ծառայությունից փողով ազատվելը պաշտոնականացնելու փոխարեն այդ ծառայությունը պետք է դարձնել առավելագույնս գրավիչ և անվտանգ, մեր բանակը պետք է դառնա տարածաշրջանում տեխնոլոգիապես ամենահագեցածը և արդիականը, իսկ յուրաքանչյուր զինծառայող էլ պետք է ծառայությունից վերադառնա հոգով և մարմնով կոփված, նոր գիտելիքներվ և կարողություններով հարստացած։
Այդ դեպքում յուրաքանչյուր երիտասարդ հպարտությամբ կգնա ծառայության, իսկ նրանց ծնողներն էլ երբևիցե չեն մտածի արտագաղթելու մասին։ Մեր պաշտպանության նախարարությանը պետք է դրա վրա կենտրոնացի իր հիմնական ջանքերը, դրա համար է նաև պետք ամեն տարի ընդլայնել մեր պաշտպանական ծախսերը և բարձրացնել բանակում կառավարման որակը, իսկ տարբեր իմքայլականներին պետք է վերջ տալ ծնողների վախերի էժանագին շահարկումը և չմտածված նախաձեռնություններով այլևս վնաս չհասցնել մեր երկրի անվտանգությանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/AvetikNationalAgenda/photos/a.350452912206407/523463624905334/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել