«Մեծ հաճույքով ծանոթացանք Ռուսաստանի խորհրդային հանրապետության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի հունիսի 3-ին Թուրքիայի Ազգային մեծ Ժողովին ուղղված նամակի բովանդակության հետ: Ի պատասխան պատիվ ունենք հաղորդելու հետևյալը: Թուրքիայի վերաբերյալ գրությունները մեր անկեղծ և լուրջ սկզբունքների հիմքն են կազմում: Մենք կկռվենք արևմտյան պետությունների դեմ բացառապես այն բանի համար, որ նրանք խոչընդոտ են այդ սկզբունքների իրականացման համատեքստում: Երբ, որ կապահովվի անկեղծ և գործնական հող, մենք այն կյանքի կկոչենք:
Մենք սիրահոժար կերպով ընդունում ենք Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի և պարսիկների հետ սահմանները որոշելու գործին և անհրաժեշտ ենք համարում դիվանագիտական բանակցություններով լուծել այդ խնդիրը: Մենք վախենում ենք, որ Թուրքիային պատկանող հողերում ժողովուրդը կոտորածների կենթարկվի: Այդ դրություն վերացնելու համար մեզ անհրաժեշտ է շուտափույթ կերպով գրավել Կարսը, Բաթումը և Արդահանը: Սակայն ձեր նամակի հետևանքով մենք հետաձգեցինք այդ գործողությունները: Կխնդրենք դադարեցնել հայերի հարձակումները մեր ժողովրդի վրա և ներկայացնել ձեր միջնորդությունը:
Խորհրդային Ռուսաստան մեկնող մեր պատվիրակները կսպասեն Էրզրումում: Նրանք լիազորված են քաղաքական կայուն հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ: Մեր բարեկամական կապը Խորհրդային Ռուսաստանի հետ ուշացել է մեր հարևանների կողմից առաջացրած խոչընդոտների պատճառով: Մենք շատ կցանկանանք շտապեցնել կապի հաստատումը և աջակցություն ենք խնդրում խորհրդային կողմից: Կսպասենք խորհրդային պետության ներկայացուցիչների գալուստին պատվիրակության անդամների հետ միասին: Մենք չենք սահմանափակվի մեր փրկության և անկախության պաշտպանությամբ այլ խոչընդոտներ կստեղծենք արևմտյան իմպերիալիստների դեմ, որպեսզի նրանք թուրքերին իրենց ձեռքում խաղալիք չդարձնեն: Մենք հավատացած ենք, որ այսպիսով կծառայենք համայն մարդկությանը: Մենք հավատացած ենք այն հույսով, որ կարող ենք գործնական արդյունքների սպասել ռուս և թուրք ժողովուրդների բարեկամությունից.....»:
Ավելացնեմ, որ թուրքերի և ռուսների աչքերում Անտանտի դաշնակից Հայաստանի կառավարությունը համարվում էր «Միջազգային իմպերիալիզմի գործակալ»: Նամակի մեջ հարձակման ենթակա տարածքները Կարսը, Արդահանը ՀՀ մասն էին կազմում: Այն, որ ռուսները 1920թ. ամռանը Մոսկվայում թուրքերի, մասնավորապես Սամի Բեքիրի պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ վերջնականապես համաձայնության եկան Հայաստանը վերացնելու գործում բազմաթիվ փաստերի հետ մեկտեղ վկայում է նաև Խորհրդային Ռուսաստանի պաշտոնյաներից Ստալինի Օրջոնիկիձեյին ուղղված նամակի հետևյալ միտքը «Իմ կարծիքն այնպիսին է, որ չի կարելի անվերջ խուսանավել կողմերի միջև, պետք է սատարել կողմերից մեկին որոշակիորեն: Տվյալ դեպքում խոսքը վերաբերվում է Թուրքիային և Ադրբեջանին: Ես խոսել եմ Լենինի հետ, ինքը չի առարկում» Այսպես արդեն բանակցությունների ժամանակ ինչպես նշում է իր հուշերում Ալի Ֆուադ Ջեբեսոյը, «մեր ներկայացուցիչները, երբ հիշեցրել են, որ հայերի աղմկարարությունը խիստ շատ է և տևականորեն իրենց անմեղության մասին խոսելուն հակառակ, կարծվածին չափ անմեղ չեն, Լենինն ասել է «Այո, ճիշտ է, սակայն կասկած չկա, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շատ մոտ ժամանակ պետք է ստանան մեր ցանկացած ձևը»: Թուրքական պատվիրակության նախագահ Բեքիր Սամիր բեյը, ամփոփելով իր տպավորություններն այդ հանդիպումից, ընդգծում էր. «Լենինը շատ համակրելի դիմագծերով, շատ բացսիրտ մի անձնավորություն գտանք, մեզ և իսլամական աշխարհի հանդեպ շատ բարյացակամ նկատեցինք»: 1920թ. օգոստոսի 24-ին կնքվեց ռուս-թուրքական Սրտակցության և եղբայրության պայմանագիրը, որի շրջանակներում ռուսները զենք զինամթերք և զորքեր էին տրամադրում թուրքերին՝ Հայաստանի վրա հարձակման համար:
Հայ քաղաքական գործիչներից Սիմոն Վրացյանը այդ ժամանակաշրջանի ռուս-թուրքական համագործակցության մասին նշում է «...Մի կողմից` ծայր աստիճանի հոգնած, քայքայված և խաղաղության կարոտ հայ ժողովուրդը ուզում էր հավատալ բոլշևիկների հավաստիացումներին, թե ռուսները թույլ չեն տա թուրքերին նոր կոտորածներ անել Հայաստանում, մյուս կողմից` հայ ժողովուրդը, տեսնելով, որ իր դեմ կռվում են և’ թուրքերը, և’ ռուսները, և ինքն իր փոքր ուժերով անկարող է դիմադրել այդ երկու հսկա պետություններին, վհատվել էր ու մատնվել բարոյալքման՚»
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/2657575380958386?notif_id=1575236310750777¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել