Օրերս գրել էի, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի համոզմամբ ստերի տեսակներից մեկն էլ վիճակագրական կեղծ տվյալներն են: Նաև գրել էի, որ հեղափոխությունների բացասական հետևանքներից է բոլոր երևույթների քաղաքականացումը:
Իհարկե, հեղափոխություններն ունենում են բացասական նաև այլ հետևանքներ, որոնցից մեկն էլ առաջնորդի կողմից ներկայացված ամեն ինչ, այդ թվում՝ տարբեր ոլորտներում հեղափոխության արդյունքում արձանագրված առաջընթացի կապակցությամբ վիճակագրական թվերը հալած յուղի տեղ ընդունելն է:
ՀՀ վարչապետը հաճախ է գլուխ գովում՝ կապված վերջին մեկ տարվա ընթացքում միջին աշխատավարձի բարձրացման հետ: Նիկոլ Փաշինյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Հայաստանում ամսական միջին աշխատավարձն աճել է 5,9 տոկոսով՝ հավելելով, որ «սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ»:
Ցավոք սրտի, «թավշյա հեղափոխության» արդյունքում հանրության պատմական հիշողության խաթարումը թույլ չի տալիս հիշելու, թե վերջին 19 տարվա ընթացքում՝ սկսած 2000 թվականից, ամենաշատը ո՞ւմ իշխանության ժամանակաշրջանում և ի՞նչ տոկոսներով է բարձրացել իր ամսական միջին աշխատավարձը: Փորձենք վերականգնել խաթարված հիշողությունը:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի կայքում՝ ՀՀ վարչապետի ներկայացրած ցուցանիշից ներքև տեղադրված են 2000-ից 2018 թվականների ընթացքում ամսական միջին աշխատավարձերի բարձրացման տոկոսները (armstat.am/am/?nid=12&id=08001):
Համաձայն ներկայացված ցուցակի՝ Հայաստանում միջին ամսական աշխատավարձի ռեկորդային բարձրացում գրանցվել է 2003 թվականին, երբ միջին աշխատավարձը 2002 թվականի համեմատությամբ բարձրացել է 27,3 տոկոս: 2000-ից 2002 թվականներին Հայաստանում ամսական միջին աշխատավարձը բարձրացել է համապատասխանաբար 12,6%, 7,8% և 11,6%: 2004 թվականին նույնպես նախորդ տարվա համեմատությամբ աշխատավարձի խոշոր բարձրացում է տեղի ունեցել, որը կազմել է 24,9 տոկոս: Այլ խոսքով՝ միայն երկու տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է ամսական միջին աշխատավարձը՝ 27324 դրամից 2004 թվականին հասնելով 43445 դրամի: 2005-ից 2007 թվականների ընթացքում Հայաստանում ամսական միջին աշխատավարձը տարեկան բարձրացել է 19,8-ից 19,2 տոկոս:
2000 թվականին 22706 դրամ աշխատավարձ ստացող անձը 2007 թվականի ավարտին արդեն ստանում էր 74227 դրամ, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության 7 տարիների ընթացքում Հայաստանում ամսական միջին աշխատավարձը բարձրացել է ավելի քան 220 անգամ:
Ամսական միջին աշխատավարձի բարձրացումն ավելի դանդաղ տեմպերով շարունակվել է նաև Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում՝ տատանվելով տարեկան 9,9 և 1,9 տոկոսների միջև: