Mediaadvocate.am-ը գրում է.

2019 թ-ի նոյեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ armlur.am-ը, aravot.am-ը, armtimes.com-ը, azatutyun.am և 1in.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում դիտարկվել է 486 հոդված։ Որոնցից 41-ը՝ բացասական, 42-ը՝ դրական, 403-ը՝ չեզոք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակվել են հավասար թվով և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։

Ըստ Արթուր Ղազինյանի, եթե չլինեին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք դիտարկվեցին որպես հակահերոսներ, Նիկոլ Փաշինյանը երբեք չէր կարողանա հերոսանալ։ Ըստ Ղազինյանի, «հերոսներ» ձևավորվում են «հակահերոսների» գոյության շնորհիվ և վերջին շրջանում hակահերոսների պասիվությունը ստիպել է Նիկոլ Փաշինյանին մենակ մնալ իր հետ։

Անուշ Դաշտենցն ասում է, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որևէ ակնարկ չէին անում, որ Հայոց լեզուն կարող է հանվել ԲՈՒՀ-երի պարտադիր առարկաների ցանկից։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը, պատասխանելով այն հարցին, թե վարչապետը քանդել գիտի՞, թե սարքե՞լ, ասել է. «1.5 տարին ցույց տվեց, որ իշխանությունը շատ արդյունավետ քանդելու մեթոդաբանություն ուներ և համապատասխան կադրային ներուժ, բայց գոնե այս 1.5 տարին ցույց է տալիս, որ տարբեր ոլորտներում կառուցելու համար ոչ կադր ունի, ոչ ծրագիր, ոչ էլ պատկերացում: Ցավոք սրտի, տեսեք, տարածաշրջանում ի՞նչ է կատարվում, մենք ի՞նչ ենք քննարկում, ինչի՞ մասին ենք խոսում: Մի պետություն, որի մեջ թիկունք և ռազմաճակատ հասկացությունները ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի պարագայում շատ պայմանական են: Մենք ինչի՞ մասին ենք խոսում. Դրանք լո՞ւրջ խնդիրներ են, թե՞ անլուրջ»:

«Լույս» դաշինքի ավագանիները հիշեցրել էին, որ նախկինում քաղաքային նստարանները Տարոն Մարգարյանը գնում էր 160.000 դրամով և Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այդ նստարաններն ավելի էժան են ու դա կոռուպցիա է։ Հիմա Հայկ Մարությանն ավելի թանկ է գնում այդ նստարանները։ Ըստ ավագանիների, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր, կա՛մ Հայկ Մարությանն է կոռուպցիայով զբաղված։

Ըստ Սևակ Թորոսյանի, մարտի մեկի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի գործի հետագա ընթացքն ու լուծումը կախված է բացառապես Նիկոլ Փաշինյանի կամքից։

Որպես դրական դիտարկվել է այն լուրը, ըստ որի՝ գազի սակագինը չի բարձրանալու մինչև 2020 թվականի գարուն։ Ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանը լավ է հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքական աշխուժությունը տրամաբանական չէ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Մել Դալուզյանն իր պաշտպանության ներքո է, ասել է, որ վարչապետը Մել Դալուզյանին պաշտպանում է առավոտից երեկո Դալուզյանին սղոցողներից։

1in.am-ում հրապարակվել է 129 հոդված, որոնցից բացասական՝ 7, դրական՝ 16, չեզոք՝ 106։

Կայքում տեղ է գտել Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի հարցազրույցը։ Բադասյանն, անդրադառնալով «Վերնատանը», ասել է, որ այն փորձում է ազգային բնույթ ստանալ։ Ըստ նրա, «Վերնատունն» ընդամենը անձնական հաշիվների խնդիր է,  որովհետև նրանք ուզում են համախմբվել՝ օգտվելով այն բանից, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հեղափոխությունն ի կատար ածել։

Կայքի վերլուծականներից մեկում ասված է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը որակապես չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից, և դրանով իսկ Նիկոլ Փաշինյանը հարվածի տակ է դնում հեղափոխության փաստը։

Տպագիր մամուլի հոդվածներից մեկը ևս տեղ է գտել կայքում, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակային բազմաթիվ սխալներ է արել, որից հետո իշխանական տարբեր թևերում կա խուլ դժգոհություն, թե ինչու պիտի իրենք պարտադրված արդարացնեն այն, ինչին կտրականապես դեմ են։ Ըստ մամուլի, շատ թիմակիցներ նախընտրում են հարցազրույցներ չտալ, որպեսզի ստիպված չլինեն ասելու այն, ինչն իրենց պատկերացրածին դեմ է։

Ըստ կայքի մեկ այլ հոդվածի, ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի Նժդեհին վերաբերող պատասխանից հետո ակտիվացել են նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք թիրախավորել են վարչապետին։

Տեղ է գտել նաև «Վերնատան» մասին հոդվածը, ըստ որի Նիկոլ Փաշինյանի դեմ միավորվել են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, ինչպես նաև՝ գազի սակագնի հետ կապված լուրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել