Դժվար կլինի հավատալ, բայց պատմության ընթացքում, երբ մարդիկ այդքան լավ տեղյակ չեն եղել բժշկական տարրական մոտեցումներից ու, առհասարակ, բժշկությունն այդքան զարգացած չի եղել, դիմել են տարատեսակ մեթոդների իրենց հիվանդությունները բուժելու կամ տարածված հիվանդություններից խուսափելու համար։ Ահա այսպես էլ 18-րդ դարում լայնորեն տարածվեց «բժշկական հանիբալիզմ» կոչվածը, երբ Եվրոպայում բժիշկները խորհուրդ էին տալիս մահացած մարդկանց մարմին ուտել՝ հիվանդություններից զերծ մնալու համար։ 

Կար տարածված կարծիք, որ եթե առողջ մարդն ուտի որևէ հիվանդության պատճառով մահացած մարդու մարմնի որևէ մաս, ապա նա այդ հիվանդությամբ երբեք չի վարակվի։ Օրինակ՝ ժանտախտի տարածման ժամանակաշրջանում մարդիկ հաճախ բժշկի հորդորով խմում էին թեյ՝ համեմված ժանտախտից մահացած մարդու մանրացրած գանգով։ 

Մեկ այլ հիվանդության դեպքում բավականին տարածված էր օգտագործել մահացածի մանրացրած մազերը, որոնք օգնում էին ազատվել գլխացավից։ Հնարավոր էր նաև, որ բժիշկը խորհուրդ տար ուտել մարմնի տարբեր մասեր, քանի դեռ դրանք չեն փտել, ու սա էլ արվեր լրիվ առողջապահական նպատակներով։ Սակայն ամենասարսափելին դեռ առջևում է։ 

Երբ հնէաբանները սկսեցին ավելի ակտիվ գործունեություն ծավալել ու գտնել տարատեսակ մումիաների, «բժշկական հանիբալիզմը» ավելի արագ սկսեց տարածվել։ Այս անգամ մարդիկ հավատում էին, որ եթե ամբողջությամբ ուտեն մումիայի մարմինը, ապա նրանք ոչ մի հիվանդությամբ երբևէ չեն տառապի։ 

Ահա սա էր պատճառը, որ հնէաբանների գտածոները երբեմն անգամ չէին էլ հասնում թանգարանների, ու նրանք դա ծախում էին տարատեսակ մարդկանց, ովքեր հավատում էին, որ մումիան կօգնի իրենց միշտ առողջ մնալ։ Դրա արդյունքում մարդիկ ավելի շատ հիվանդությունների զոհ էին դառնում, քան կարող էին պատկերացնել, բայց, միևնույն է, մի ամբողջ հարյուրամյակ շարունակում էին ապրել նույն կանոններով։ 

Ընդունված է կարծել, որ բուժման այս մեթոդները սկսեցին տարածվել 17-րդ դարում, սակայն ավելի մեծ թափ հավաքեցին ու առավել տարածվեցին 18-րդ դարում։ Ի վերջո բժշկությունը չդոփեց տեղում և «բժշկական հանիբալիզմը» գնալով նահանջեց՝ տեղը զիջելով բժշկության մերօրյա մեթոդներին, որոնք վերջին մեթոդների համեմատ չափազանց մարդկային են։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել