Բեմադրությունը արդեն սկսվում է: Ամիսներ շարունակ ամբողջ խմբով գիշեր-ցերեկ պարապել ենք: Հուզված ենք բոլորս: Ամբողջ մարմնով դողում եմ, և ինձ թվում է, թե վայր կընկնեմ: 
Նա էլ է եկել: Գիտեմ, թե որտեղ է նստած. վարագույրի հետևից թաքուն նրան եմ հետևում: Երկրորդ շարքում է, աջից հինգերորդ նստարանին:
Վարագույրի հետևում սպասում ենք մեր հերթին: Եվ այն մտքից, որ նա ինձ է նայելու, սիրտս ավելի արագ է սկսում բաբախել: 
Բեմադրում ենք Չայկովսկու «Կարապի լիճ» բալետը: Դահլիճը թաղվել է լռության մեջ: Հնչում է երաժշտությունը, և վարագույրը բարձրանում է: Յուրաքանչյուր պարող իր տեղում է: Շարք կազմած թաթերի վրա սահուն առաջ ենք գալիս: Ամեն մի շարժումից հետո մտածում եմ, որ ինձ է նայում: Մտքիս մեջ հաշվում եմ պտույտներս, որ հանկարծ չսխալվեմ: Շարքը միաձուլվել է հնչյուններին. մեկ պտտվում ենք, մեկ համաչափ շարքով քայլում ենք կենտրոնում, մեկ հետ ենք գնում և զույգ կազմած նորից հայտնվում կենտրոնում...
Ի՞նչ է ասելու բեմադրությունից հետո, ու՞ր ենք գնալու: Մի՞թե հնարավոր է, որ ասի, թե ... սիրում է...
Պտույտի հետ ուզում եմ աչքի պոչով տեսնել նրան, որսալ խրախուսող հայացքը: Մի պտույտ ավել գործեցի: Զուգընկերս խոժոռ նայեց ինձ: Շփոթվեցի, բայց այնուամենայնիվ, փորձում եմ նայել դահլիճին, գտնել նրան: Գուցե ժպիտը տեսնեմ: 
Երաժշտությունը թույլ չի տալիս կանգ առնել. պետք է կատարել բոլոր շարժումները: Պարում եմ, սակայն ուշադրությունս նրա կողմն է: Չեմ տեսնում նրան, բայց պատկերացնում եմ հայացքը և փորձում եմ շարժումներիս նազելիությամբ գերազանցել ինքս ինձ: Մեկ, երկու... նորից պտույտ, ոտքի թաթերի վրա առաջ եմ գնում, կամաց իջեցնում եմ թաթերս, նորից դանդաղ բարձրանում եմ թաթերիս վրա և ձեռքերս կամարաձև խաչելով միանում զուգընկերոջս...

Երաժշտությունը դադարեց: Լռությունը ճեղքեց ծափերի որոտը: Նայում եմ դահլիճին, երկրորդ շարքին, հինգերորդ նստարանին: Դատարկ է: Նա գնացել է: Ծափերի աղմուկը խլացավ ականջներիս մեջ. ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ տեսնում: Բանականությունս միայն մի բան է ասում՝ հեռացել է: 
Դուրս եմ եկել շենքից և մուտքի դռան մոտ կանգնած նրան եմ փնտրում: Անձրև է գալիս, բայց մեկ է՝ կանգնել եմ և այս ու այն կողմ եմ նայում: Չեմ հասկանում, եթե պիտի գնար, ապա ինչու՞ եկավ: 
Ալեքսը ո՛չ հայտնվեց, ո՛չ զանգեց: Հպարտությունս թույլ չի տալիս, որ ես զանգեմ: Ներողություն խնդրելու համար գոնե ինքը պիտի զանգի: Չզանգեց: Հանդիպումը, սակայն, կայացավ: Բեմադրությունից երկու շաբաթ անց ընկերուհիս՝ Էմման, ինձ ծանոթացնում է իր ընկերոջ հետ: Նա է՝ Ալեքսը: Չիմանալով զգացմունքներիս մասին (այդ հարցում շատ գաղտնապահ եմ)` Էմման ժպիտով պատմում է. 
- Ալեքսին միշտ մերժել եմ: Ինքն էր, որի մասին պատմում էի: Ու քանի որ էդ ժամանակ մեկնեցի երկրից, Ալեքսն էլ, իմ մասին տեղեկություններ իմանալու համար, քեզ հետ օտար լեզուների դասերին է եկել:
-Հույս ունեմ, Եվան ինձանից չի նեղացել, որ չեմ պատմել իմ սիրո մասին: Եվա՛, հո չե՞ս նեղացել,- իր հերթին էլ Ալեքսն է պատմում:
-Չէ՛,- հուզմունքս մի կերպ զսպելով` պատասխանում եմ: 
Ի՜նչ հիմարն էի, որ Ալեքսի հարցերից գլխի չէի ընկել: Հիմա նույնիսկ իրավունք չունեմ բողոքելու: Ալեքսը երբեք ինձ չի սիրահետել, այլ մոտեցել է իբրև ընկեր, ով իմ պես օտար լեզուների խմբակների է հաճախում: Եթե հիասթափությանս համար մեղավորներ փնտրեմ, ապա միայն ինձ կգտնեմ. չպետք է սիրահարվեի ու մի բան էլ հույսեր կապեի (ախր սրտին չես կարող հրամայել): Ալեքսն էլ բեմադրությանը եկել էր, որ Էմմային (նա արդեն եկել էր արտասահմանից) հանդիպեր և տեսնելով, որ նա չէր եկել, բեմադրության կեսից հեռացել էր: Հիմա էլ միասին են...
Ալեքսը դասերի այլևս չի գալիս: Ես էլ Էմմայի հետ եմ դադարել հանդիպել: Մեր մեջ այլևս ոչ մի կապ չկա: Ինչ կար, այդ թելն էլ կտրվեց: Կտրված թելն էլ ինչքան կապես, առաջվանը չի լինի. հանգույցը մնում է:
Տարիները անցնում են, կյանքը հոսում է միևնույն եզրով և ոչ էլ անգամ հետք է թողնում անցյալ կոչվածում: Եվ հանկարծ մի վայրկյանում ամեն ինչ շուռ է գալիս, և կորուստը դառնում է անդառնալի: Նա չկար՝ հայտնվեց, փոթորկի պես ներխուժեց իմ կյանք և անհետացավ: Ես էլ մնացի անիրականացած երազանքներիս ավերակների վրա: Իսկ այդ օրը ես հենց նրա համար էի պարում, բայց նա այդպես էլ չնկատեց: Մի պահ անգամ ատեցի նրան, ատեցի ամբողջ էությամբ. մի ժպիտի անգամ չարժանացրեց: 
Անցել են տարիներ: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել իմ կյանքում: Պարզապես պարուհուց դարձել եմ պարուսույց և կյանքս նվիրել աշխատանքին՝ պարի աշխարհին: 

Կյանքս թաղվել է միայնության մեջ: Ծնողներս անգամ չկան. վաղուց են մահացել: Ալեքսից հետո էլ ոչ մեկի հանդեպ չզգացի այն, ինչ կոչվում է սեր, բայց գտնում եմ, որ սիրուց չեմ խելագարվել. բանականությունը կորցնելու համար ավելի լուրջ պատճառներ են պետք: Ինձ համար արդեն ավելի հեշտ է մտածել, թե սեր կոչվածը գոյություն չունի. հորինել են մարդիկ, որովհետև մենակությանը ոչ ոք չի դիմանում: Եթե անգամ խելագարվել եմ, ապա տան դատարկ պատերից... 

Երևի իմ միապաղաղ կյանքում նա միակ հեղաշրջողն էր, այն էլ ինչ-որ մի ժամանակ: Երբեմն թվում է նաև, թե նա չի էլ եղել: Անցյալի ուրվական է արդեն՝ աներևույթ, անտեսանելի մի ուրվական, որին ամենուրեք փնտրում եմ՝ տան յուրաքանչյուր անկյունում, փողոցում, երևակայական այն տանը, որը այդպես էլ մերը չդարձավ: Եվ իմ երևակայական աշխարհում տեսնում եմ, թե ինչպես եմ աշխատանքից հետո վերադառնում մեր տուն, սրտի ուժեղ զարկերով բացում դուռը, մտնում ներս, հապշտապ հանում կոշիկներս և աղմուկով գցում գետնին, որ նա լսի, որ վերադարձել եմ, իսկ իրականում՝ տանը ոչ ոք չկա:
Չհայտնվեց, երբ քսան տարեկան էի, չեկավ, երբ երեսունհինգս լրացավ ու այդպես շարունակ... 
Պառավ կին եմ արդեն՝ պառկած անկողնում, որը շարունակ մտածում է անցյալում թողած կյանքի, չիրականացած երազանքների մասին: Երևի մեր որոշ իղձեր երազանքներ ենք կոչում, քանի որ գիտենք, որ չեն իրականանալու, այլ երազի պես չքվելու են, անհետանան: 
Գիտեմ, որ մահս մոտ է, և ինձ թվում է, թե չկա ո՛չ անցյալ, ո՛չ ապագա. կա միայն ներկա՝ այն կետը, որի սահմաններում բաբախում է սիրտդ: Չէ՞ որ ներկան հենց ապագան է, որն էլ մի ժամանակակետում դառնալու է անցյալ: 

Պատուհանը մահճակալիս դիմացն է: Հայացքս գամել եմ պատուհանին: Ոչ մի ձայն չեմ լսում: Միայն անձրևի կաթիլներն են թակում պատուհանը: Ու հանկարծ դուռը բացվում է, և կարծես թե տարիները չեն անցել. հայտնվում է նա՝ երիտասարդ ու գեղեցիկ: Մոտենում է մահճակալիս, նստում մոտիկ աթոռին և բռնում ձեռքս: Կյանքս հանկարծ փոխվեց. դարձա առաջվա ջահել աղջիկը և պատկերացնում եմ, թե ինչպես մի օր՝ ապագայում, նորից բռնելու է ձեռքս, և տանում պարահրապարակ: Քնքշանքով մի ձեռքը դնում է մեջքիս, իսկ մյուս ձեռքով բռնում ձեռքս և խենթի պես երկուսով (երաժշտության հնչյունների ներքո) պտտվում ենք ու պտտվում, իսկ դրսում անձրև է... Խելահեղ պտույտներից շունչս կտրվում է, նայում եմ նրան՝ ուղիղ աչքերի մեջ: Հանկարծ դիմագծերը փոխվում են, աչքերի գույնը դառնում է ուրիշ, հայացքը` օտար...
Բացում եմ աչքերս: Նույն սենյակում եմ, և աչքերիս առաջ պատուհանն է: Ու ցավով հասկանում եմ, որ կյանքս վաղուց արդեն անցել է, և նրա պատկերով իմ երջանկությունն եմ փնտրել. Ալեքսի դեմքը վաղուց է, ինչ ձուլվել է ժամանակի մեջ: 
Ո՞վ եմ ես, ու՞մ եմ ես պետք՝ ոչ մեկին: Նրա համար նույնիսկ այսինչ որերորդը չեղա: Մնում է զրոն: Զրոն եմ ես:

Զգում եմ, որ մեկը ցավեցնելու չափ սեղմում է ձեռքս... Բժիշկն է, որին մի պահ նրա տեղն էի դրել: Գլուխս ուժեղ ցավում է, շունչս չի հերիքում, ուզում եմ որևէ բան ասել, բայց բառերը մնում են կոկորդումս: Շնչահեղձ եմ լինում, գլուխս փորձում եմ բարձրացնել: Չի ստացվում: Կարծես թե գլորվում եմ, իսկ ներքևում անդունդն է: Աչքերս մթագնում են...խավարը և լույսը միաձուլվում են իրար, և ես հալվում եմ անէության մեջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել