Pastinfo.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Ա.Պետրոսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։ «Բոլոր հիմքերով ՝ բազմաթիվ խախտումների ու ապօրինությունների վերաբերյալ բողոք եմ ներկայացրել, որոնց մասին ավելի ուշ մանրամասն կխոսեմ»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ ՀՔԾ-ն ձերբակալել էր արձակել ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն։ Վերջինս հետագայում ազատ էր արձակվել, իսկ Ա.Պետրոսյանի ձերբակալությունը դատարանն էր ոչ իրավաչափ ճանաչել ու նրան ազատել արգելանքից, սակայն նույն օրը՝ ժամեր անց, մեկ այլ դատարան բավարարել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը ու նա կալանավորվել էր։ Նշենք, որ ՀՔԾ-ն խուսափում են այս գործով որեւէ մեկնաբանություն տալ։

«Գուցե չեն ուզում կատարված ապօրինությունները հրապարակային քննարկման նյութ դառնան»,-կարծում է փաստաբանը։

Մեր տեղեկություններով՝ Ալեքսան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործի հետ, որտեղ առանցքային դերակատարը Սիլվա Համբարձումյանն է, նույն ինքը՝ «Շաքար Սիլվին»։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել