1in.am-ը գրում է.
Երեկ գնդապետ Արտակ Բուդաղյանը մեկնել է Գորիս: Նա այցելել է եղբոր գերեզմանին, որտեղ մնացել է մոտ երկու ժամ: Երևանից, Ղարաբաղից նրան դիմավորելու են եկել ընկերները, զինվորները և բարեկամները:
Նշենք, որ հուլիսի 10-ին լրանում է Ավետիք Բուդաղյանի մահվան քառասուն օրը: Արտակ Բուդաղյանին դուրս են գրել հիվանդանոցից և վերականգնման համար քսան օր տվել:
Ի դեպ, Սուրեն Խաչատրյանը որոշել է Գորիսի իր տունը վաճառել: Ավելին` նա ներկայում ևս շարունակում է ճնշումները. հիմա էլ ստիպում է Գորիսի ալրաղացի տնօրենին գնել իր տունը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բուդաղյանների բարեկամները նշեցին, որ Բուդաղյաններին կրակել են մեջքից: Հղում անելով փաստաբան Հայկ Ալումյանին, որ կրակողը հանրությանը հայտնի անձ է, նրանք նշեցին, որ Սուրեն Խաչատրյանը այդ ժամանակ քնած չի եղել, և որ հենց նա էլ կրակողների թվում է. «Գորիսում ասում են՝ հայրերը իրենց տղային են պաշտպանում, իրենց վրա վերցնում են հանցագործությունը, բայց ինքը իր տղային է նստեցրել իր կաշին, պաշտոնը փրկելու համար, բայց դա էլ չօգնեց իրեն...»,- ասացին նրանք:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի երեկոյան Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների հետևանքով տեղում մահացել է Ավետիք Բուդաղյանը, իսկ եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:



