168.am-ը գրում է․

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է անվանի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը

 Որպես բռնցքամարտի աշխարհի չեմպիոն՝  ի՞նչ կասեք՝ ի՞նչ բարձրության վրա է գտնվում այսօր Հայաստանում բռնցքամարտը։

– Սպորտի վիճակը, ես չէի ասի, որ լավ է, բայց միևնույն ժամանակ՝ այդքան էլ ահավոր չէ, թեև սպորտի աշխարհն այնպես են փչացրել… կեսին կուսակցական են դարձրել, կեսին՝ այլ բան, բացի այդ՝ այսօր, եթե փող ունես, կարող ես սպորտի մեջ լինել ու սպորտը ղեկավարել։

– Հայաստանում բռնցքամարտի նկատմամբ հետաքրքրությունը մե՞ծ է։

– Չեմ կարող ասել, թե մեծ է. այս նոր դուրս եկած արևելյան մարտարվեստները բռնցքամարտին մի փոքր ետին պլան մղեցին։ Այսօր ցանկացած բան, որը նոր է, բոլորը ձգտում են դրան։

– Իսկ ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ մեր բռնցքամարտիկները դրսում մարզվելով՝ շատ ավելի մեծ հաջողությունների և ճանաչման են հասնում, քան Հայաստանում.   վերցնենք Արթուր Աբրահամի օրինակը. ի՞նչ եք կարծում, եթե նա ապրեր և մարզվեր Հայաստանում, կհասնե՞ր արդյոք նույն ճանաչման:

– Դա անում է նաև փիարը. էնտեղ կարողանում են մարզիկին այնպես ներկայացնեն, գտնեն հարմար հակառակորդներ, գովազդներով էլ բերում-հասցնում են այն մակարդակի, որ այդ գովազդները նայում ես, հիանում ես։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում պետության ուշադրությունը բռնցքամարտի  նկատմամբ մինչև 2018 թվականը և 2018-ից հետո։

– Գիտեք, քանի որ պետությունն ինձ վրա ուշադրություն չի դարձնում, ես էլ պետության արածների վրա ուշադրություն չեմ դարձնում ու գլուխս կախ աշխատում եմ երեխաների հետ։ Մեկ-մեկ խոսակցություններ էլ եմ լսում, թե ես երբ հացադուլ էի արել, Սերժ Սարգսյանը եկավ ու ինձ խոստումներ տվեց, դրա համար ես  իրենց չեմ քննադատում, ներկաներին եմ քննադատում։ Լսում եմ ու զարմանում։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանին ես մի խնդրանքով դիմեցի, որ իմ անունով  դպրոց  ունենամ, անգամ դա չարեց, հիմա էլ ի՞նչ են խոսում ու շատ տեղեր պատմում, թե Սերժն ինձ ֆինանսավորել է։

– Իսկ նոր իշխանությանը Ձեր անվամբ դպրոց ունեալու խնդրանքով  կդիմե՞ք։

– Չէ՛,  չեմ դիմի, ես նոր իշխանություն չեմ տեսնում. իրար այնպես պաս տվեցին, որ չհասկացա, թե էս ինչպես եղավ։

– Ինչպե՞ս եք վերաբերվում 2018-ի իրադարձություններին. ըստ Ձեզ՝ դա հեղափոխությո՞ւն էր, իշխանափոխությո՞ւն, թե՞ այլ բան։

– Դա տեղափոխություն էր ավելի շատ։ Ես հենց առաջին օրվանից եմ ասել, որ ժողովրդի անունից հանդես եկողները հետո այդ նույն ժողովրդի վզին նստած են ապրելու, իսկ հիմա այն մարդիկ, որոնք ինձ հետ վիճում էին ժամանակին, գալիս և ինձ հետ համաձայնում են։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կյանքում ազգիս համար մի լավ բան չեն արել որևէ բնագավառում՝ լինի սպորտ թե գիտական։ Սրա-նրա վրա մատերիալ գրողներ են, և այսօր այն մարդիկ, որոնց մասին ժամանակին գրել է, իսկ ես այդ թերթերը պահել եմ, որ ցույց տամ, ինչեր են անում նրա համար։ Նա խոստումներ է տվել ու խաբել։

– Ո՞ր խոստումներն են, որ ներկաները չեն կատարել. օրինակ՝ ասել են՝ կբարձրացնեն աշխատավարձերը, արել են՝ բարձրացրել են զինվորի, ուսուցչի, բուժաշխատողի, ԱԻՆ աշխատողների աշխատավարձերը։ Ասել են՝ կպայքարեն կոռուպցիայի դեմ, դա անում են, կոռուպցիոն ճանապարհներով յուրացված փողերը ետ են վերադարձնում բյուջե։

– Ես մանկավարժ եմ և իմ աշխատավարձը 1000 դրամով  էլ չի բարձրացել։ Հիշում եմ, որ ասում էին՝ տեսախցիկները պետք է հանեն, չեն արել, հիմա էլ օդից տուգանքներ են գալիս։ Իրենք ասեցին, որ մարդիկ լավ են ապրելու, բայց լավ են ապրում միայն իրենք. այդ իշխանափոխությունը կատարեցին միայն իրենց համար։ Տեսեք, թե հագուկապներն ինչպես են փոխել։

– Դե՛, երկրի վարչապետ է. ինչ է՝ հնամաշ հագուստո՞վ պետք է շրջի։

– Խոստում տվողը նախ իրեն գահին բերողի վիճակը պետք է բարելավեր… մի հատ էլ տեսեք, թե ինչպես են խոսում մարդկանց հետ։

– Ինչպե՞ս։

– Իրոնիայով, արհամարհանքով. ախր իրենք իրենց ապրած կյանքով այն չեն եղել, որը ներկայացնում են։ Բա դա վարչապետի խո՞սք է՝ «փռենք ասֆալտին», ախր ինչպե՞ս կարող է ամբողջ կյանքում ասֆալտին փռվածն այդպիսի բան անել. թող մի հատ իրենց հարց տան՝ իրենք  այդ տղե՞րքն են, որ կարողանան այդպիսի բան անել։ Ասֆալտին փռելով, պատերին ծեփելով՝ իրենք իրենց են նսեմացնում. հասկացող մարդը տեսնում է՝վախից են այդպես անում։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել