Ծովահենների մասին շատ լեգենդներ են հյուսվում, որոնք իբրև պատմում են նաև, թե նրանցից սև աչքակապ կրողները ծովային բախումների ժամանակ ուղղակի կորցրել են իրենց աչքը ու դրա հետևանքով էլ ստիպված են աչքակապ կրել, որ ծածկեն առաջացած արատն ու ցույց չտան իրենց թուլությունը, սակայն իրականությունը տարբերվում է հյուսված կիսասարսափելի լեգենդներից: Այսպիսով, ինչո՞ւ են ի վերջո ծովահենները սև աչքակապ կրում։ 

Չնայած որ պատմական փաստեր կամ հիշատակումներ չկան, հետազոտությունները հաստատում են, որ ծովահենների՝ սև աչքակապ կրելը պատահական չէ: Ամեն անգամ, երբ ծովահենների ղեկավարը սև աչքակապով իջնում է նավախուց, նրա բաց աչքին ժամանակ է պետք մթության նոր խտությանը հարմարվելու համար, իսկ փակ աչքը արդեն իսկ պատրաստ է այդ մթությանը, և աչքակապը հանելուց հետո նրանով հնարավոր է արագորեն կողմնորոշվել, հետևել քարտեզին, վերցնել զենքը, նշումներ անել և այլն:

Այսինքն՝ ծովահենի բաց աչքը նախատեսված է նավի արտաքին լուսավորությունում կողմնորոշվելու, աշխատելու համար, իսկ փակը` մթության մեջ, նավախցում արագորեն տեսնելու և գործելու համար: Այս հետազոտությունները հաստատվում են նաև մեր օրերում և գալիս են ապացուցելու, որ անգամ աչքակապ կրելը որոշակի ստրատեգիական ու կողմնորոշիչ նշանակություն էր ունենում:

Սև աչքակապ կրելն օգնում էր ծովահենին միշտ պատրաստ լինել մթությունում տեղի ունեցող յուրաքանչյուր մարտի, որից նա այլևս չէր խուսափում ու չէր վախենում։ Լուսավորության մեջ նա կարողանում էր կենտրոնացնել իր ուշադրությունը բաց աչքով, իսկ մթությունում հայտնվելուց հետո արագ հանում էր աչքակապը ու սկսում աշխատել մյուս՝ փակ աչքով։ Այսպես էին վարվում միայն խելացի ծովահենները, ովքեր հասկանում ու գիտակցում էին ժամանակի, արագության, հարմարվողականության կարևորությունը։

Այս ամենով հանդերձ կա նաև մեկ այլ տարբերակ, որը պակաս համոզիչ չի թվում։ Ասում են, որ  սև աչքակապով ծովահենն ավելի ազդեցիկ տեսք էր ունենում ու կարողանում էր որոշակիորեն վախ ներշնչել հակառակորդին, ով միանգամից ենթադրում էր, որ ծովահենը հաստատ մեկ աչք ունի ու կարողացել է դիմանալ աչքի կորստի ցավերին, ինչը ստիպում էր ենթադրել, որ նա ավելի համարձակ ու սարսափազդու է։ Սակայն հետազոտողները նշում են, որ  սա հարցի միայն էմոցիոնալ և ոչ պրակտիկ կողմն է, որով ամբողջովին պատճառաբանել ծովահենների նման վարքը չի կարելի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել