168.am-ը գրում է․

«Ձեր նախընտրական խոստումներից մեկն այն էր, որ լրատվամիջոցներին ասել էիք, որ՝ կարմիր գծերից եկած գումարներով մանկապարտեզ կկառուցենք: Ե՞րբ եք կառուցելու առաջին մանկապարտեզը»,- այսօր ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեց ԲՀԿ-ական Արմեն Ներսիսյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պատասխանը զավեշտալի էր. Պարզվում է՝ նրան ընտրությունների ժամանակ և հետո բոլորը սխալ են հասկացել։

«Շատ ցավում եմ, որ այդ հարցի Ձեր ընկալումն ուղղահայաց է եղել: Քաղաքն ունի տարբեր եկամուտներ: Չի եղել արտահայտություն, որ կարմիր գծերը պետք է վերանան: Ոչ մի բառ, ոչ մի տառ. ամբողջ աշխարհում քաղաքացին մեքենա կայանելու համար պետք է վճարի: Ունենք վարկ, որը մարում ենք, բացի վարկից էլ՝ քաղաքը մի փոքր գումար է աշխատում, որով կարող է գործունեություն ծավալել, օրինակ՝ մանկապարտեզներ կառուցել»,- ի պատասխան ավագանու հարցի՝ ասաց Մարությանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2018թ. իր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսել էր տրանսպորտի սակագնի և, այսպես կոչված, կարմիր գծերի (վճարովի ավտոկայանատեղիների) մասին։ Լրագրողները նրան հիշեցրել էին, որ «Իմ քայլը» շարժումը դեռ շարժման սկզբից և դրանից առաջ դեմ էր արտահայտվում արագաչափերին և կարմիր գծերին, իսկ Հայկ Մարությանն անձամբ 2013 թվականին դեմ էր հասարակական տրանսպորտի թանկացմանը՝ 100 դրամը 150 դրամ դարձնելուն։ Մարությանի այդ օրվա խոսքը խիստ քննադատությունների էր արժանացել սոցցանցերում։ Ստացվում էր՝ քաղաքային իշխանությունն այսօր անում է այն, ինչ նախկինում քննադատում էր։ Հայկ Մարությանն այդ օրերին ստիպված եղավ  իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում տալ.  «Ես պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես և 5 տարի առաջ, այնպես էլ հիմա, դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար: Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա»։

Իսկ Մարությանն ասել էր.

«Քայլերթերից մեկի ժամանակ մի հետաքրքիր խոսակցություն ունեցա. քաղաքացիներից մեկն ինձ ասաց՝ եկեք հանենք այդ կարմիր գծերը։ Ես ասացի՝ եկեք հենց հիմա այստեղ, այս ժողովրդավարական պրինցիպով հասկանանք՝ հանե՞նք, թե՞ ոչ։ Գիտեք, որ ամբողջ աշխարհում պարկինգի գումարները գնում են քաղաքային բյուջե, և ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանով։ Ասեցի՝ եկեք այսպես անենք՝ դուք համաձա՞յն եք՝ կարմիր գծերը հանենք, այդ գումարը չհավաքենք, և այդ գումարով նախատեսված մանկապարտեզները, որ պետք է վերանորոգենք՝ չվերանորոգենք։ Դուք ասեք։ Մենք՝ մեր թիմը, իրականում ի՞նչ ենք անում. մենք ուղղակի կատարում ենք ժողովրդի կամքը։ Եթե ժողովուրդն ասում է՝ եկեք կարմիր գծերը հանենք՝ խնդիր չկա։ Բայց ես էլ ասում եմ՝ կարմիր գծերը հանեցինք, այսքան գումար պակասեց, օրինակ՝ այսքան մանկապարտեզ քիչ ենք վերանորոգելու, կամ այսքան խնդիր քիչ ենք լուծելու։ Մենք ենք որոշելու, ուզո՞ւմ եք՝ գույքահարկերն էլ հանենք, ընդհանրապես գումար չհավաքվի, և չկարողանանք ոչ աղբահանություն ապահովել, ոչ տրանսպորտ, և այլն, և այլն։ Այսինքն՝ այս բոլոր գումարները որ հավաքվում են, եթե առաջ հավաքվում էր, գնում էր ինչ-որ մեկի գրպանը, դա չի լինելու, հիմա գնալու է քաղաքային բյուջե, և միայն մենք՝ Երևանի բնակիչներս ենք որոշելու՝ հավաքե՞նք, թե՞ ոչ։ Հավաքենք՝ ինչ-որ մի հարց լուծե՞նք, թե՞ չհավաքենք՝ այդ հարցը մնա չլուծված»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել