BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

Այս տարվա մայիսին Երևանում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ մասնակիցների կողմից դարձյալ մտահոգություն հնչեցվեց, որ Սփյուռքի շատ երիտասարդներ գնալով հեռանում են ազգային խնդիրներից, ինչի պատճառով իրենց մասնակցությունը չեն բերում համահայկական տուրքին: Այո, մասնակցության նվազումը մտահոգիչ է, քանի որ դա ցուցիչ է, թե որքանով են մեր աշխարհասփյուռ հայրենակիցները հաղորդակից Հայաստանում ու Արցախում կատարվող գործերին: Ինչ խոսք, պետք է ի նկատի ունենալ, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով մեր սփյուռքահայ հայրենակիցներից շատերի ֆինանսական վիճակը վատացել է, որ Մերձավոր Արևելքի երկրներում խառը իրավիճակի պատճառով մեր շատ հայրենակիցներ իրենք ունեն օգնության կարիք, որ մեր սփյուռքահայ քույր-եղբայրները, գիտակցելով, թե որքան դժվարությամբ են գումար հայթայթում ու Հայրենիք ուղարկում, ամեն օր լսում են մեր երկրում կոռուպցիոն երևույթների մասին ու հիասթափվում: 
Այս բոլոր պատճառներն էլ հիմնավոր են, բայց ուզում եմ անդրադառնալ Սփյուռքի նոր սերնդի` ազգային տուրքի հանդեպ հետաքրքրության նվազմանը, որի հետ կապված մտահոգություններն առավելապես հնչեցնում են ավագ սերնդի ներկայացուցիչները:
Արդեն գրեթե 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, ու մեր հայրենակիցներից շատերը, որոնք լիիրավ քաղաքացիներն են աշխարհի տարբեր պետությունների, բնականաբար, պետք է մասնակից լինեն իրենց երկրների հանրային կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող խնդիրներին: Դրան զուգահեռ Հայաստանն այլևս անկախ պետություն է, որի հետ սփյուռքահայ մեր հայրենակիցների շփումները, հարաբերություններն ու նրա նկատմամբ վերաբերմունքը միանգամայն այլ հարթության վրա են, քան երբ մեր երկիրն ուրիշի տիրապետության տակ էր: Ցավոք, շատ երկրներում և հատկապես ԱՄՆ-ում հայ համայնքը միայն մի պահանջով է կողմնորոշվում. ընտրություններից առաջ նախագահի թեկնածուներն ու քաղաքական ուժերն ի՞նչ վերաբերմունք ունեն Հայոց ցեղասպանության հանդեպ: Հետագայում էլ մեր համայնքի ակտիվ կառույցները պաշտոնավարման ողջ ընթացքում մեղադրել են ստախոսության մեջ աշխարհի ամենահզոր երկրի նախագահներին, երբ թեկնածու ժամանակ խոստացել են՝ ընտրվելուց հետո հետամուտ լինել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, բայց հետագայում դրժել են խոստումը: Իսկ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Բարաք Օբաման, լավ հասկանալով, որ հիմնականում Կալիֆորնիայի նահանգում կոմպակտ բնակեցված հայերի ձայնը այնքան չէ, որպեսզի դրանով պայմանավորված լինի՝ կհաղթի այդ նահանգում, թե ոչ, հարմար չգտավ հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ու նրանց աջակցությունը հայցել, դրանով իսկ հետագայում հերթական անգամ ստախոս որակվել: Ի դեպ, հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին դարձյալ նույն պատճառով հրաժարվեց հայերի աջակցությունը հայցել: Եվ հիմա մի տեսակ դատարկություն ենք զգում, երբ ընդամենը մի օրակարգային հարց ենք ներկայացրել, այն էլ այսպես կատեգորիկ անտեսվել է: Այս պարագայում ակնկալել, որ ցեղասպանության ենթարկվածների հաջորդ սերունդները պարտվածի ու մերժվածի հոգեբանությամբ պետք է ներքաշված լինեն այս խնդիրների մեջ իրենց պապերի չափ, իհարկե, կլինի մոլորություն: Ուղղակի պետք է հաշվի առնենք, որ ժամանակները փոխվել են, ու նոր սերնդի համար համազգային քաղաքական ու քաղաքացիական միանգամայն նոր օրակարգ պիտի ձևավորվի` ինչ խոսք, առաջնային տեղում ցեղասպանության հարցն ընդգրկելով: 
Միտքս հստակեցնեմ կոնկրետ օրինակով: Երբ Հայաստանի որևէ կարիքավոր բնակչի նյութապես աջակցելու կոչով դիմել եմ հանրությանը, հարյուրավորներն են արձագանքել ու հատկապես երիտասարդները: Ուշադրություն դարձրեք. չեն ասում, թե ամեն օր լրատվամիջոցներն այս կամ այն պաշտոնյայի ապօրինությունների, նրա ալան-թալանի մասին են խոսում, ինչո՞ւ պետք է մենք օգնենք կարիքավորին: Իսկ սա այն սերունդն է, որին մեղադրում են շրջապատող աշխարհի հանդեպ անտարբեր վերաբերմունքի համար: Ի դեպ, ամեն հաջորդ կոչին արձագանքում են ավելի շատ մարդիկ ու ավելի մեծ չափի օգնությամբ` տեսնելով, որ իրենց արած բարի գործը տեղ է հասել՝ նպատակին ծառայել: Նմանապես, եթե մեր սփյուռքահայ հայրենակիցների առջև ազնիվ մղումներով պայմանավորված ճիշտ խնդիրներ դնենք, նրանք էլ չեն ասի՝ ինչու օգնենք, եթե տեսնում ենք, թե ինչպես են թալանում մեր Հայրենիքը:
Ցավոք, իշխանություններն իրենց նույնացրել են պետության հետ, մենք էլ ընդունել ենք այդ խաղի կանոնները և ցանկացած օգնություն պետությանը, նրա կարիքավոր անհատին համարում ենք օգնություն իշխանություններին ու, եթե նեղանում ենք վերջիններիցս, ապա ինքնըստինքյան նեղանում ենք նաև պետությունից: Մինչդեռ, եթե մեզ բարոյական անձ ենք համարում, ապա ինչպե՞ս կարող ենք արդարանալ, թե եթե իշխանությունները չեն անում, մենք ինչու պետք է անենք: Հարգելիներս, եթե գտնում ենք, որ մեր բարոյական կերպարով բարձր ենք անարժան իշխանավորներից, ապա իսկապես պետք է վեր կանգնենք նրանցից ու ցույց տանք մեր մարդկային արժանիքները, այլ ոչ թե հավասարվենք նրանց: Թե չէ, եթե ընտրությունների միջոցով իշխանության գան ամենաարժանավորները, էլ մեր օգնության կարիքն ինչո՞ւ պետք է զգացվեր: Կհամարեինք, որ մեր գործն արել ենք՝ քվեարկությամբ, ուստի կարող ենք հանգիստ լինել, որ իշխանությունների կողմից կարվի առավելագույնը: 
Ցավոք, այնպիսի վիճակ է ստեղծվել, որ Սփյուռքի ցանկացած միջոցառում փորձում են քաղաքականացնել՝ մեր ավանդական կուսակցությունները` դրսում, իսկ իշխանական կուսակցություններն էլ` ներսում, դրանով իսկ վանելով ազգային խնդիրներից սփյուռքահայության ստվար՝ ոչ կուսակցական զանգվածին: 
Վստահ եմ, որ եթե մենք՝ երիտասարդներս, ճիշտ օրակարգ ձևավորենք, Սփյուռքի ժամանակակից սերունդն իր նոր մոտեցումներով ու աշխարհընկալմամբ ավելի մեծ աջակցություն կցուցաբերի Հայրենիքին, քան նախկինում են դրանք արվել: 
Նաև այն մարդկանց հետ, ովքեր նեղացած գնացել են մեր երկրից, նրանց հետ էլ լուրջ աշխատանք ունենք տանելու, որ արտագաղթել են տարբեր ժամանակների իշխանավորների պատճառով, բայց փաստորեն նեղացել են Հայաստան պետությունից, իրենց հողուջրից, հայրական տներից ու պապերի գերեզմաններից: Տարիների ընթացքում այդ վիրավորանքն, իհարկե, անցնում է, բայց ոչ մի նոր զգացում՝ հանդեպ Հայրենիքի, չի զբաղեցնում այդ ազատ տեղը, օտարանում ենք իրարից ու վերջ: Ի դեպ, հիմնականում մեր մեղքով, որ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չենք անում: 
Եվ Սփյուռքի մեր հարենակիցների ու առավելևս մեզ համար «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» կարգախոսը պետք է դառնա կենսակերպ: Ու Հայաստանի ինչպես ուղղակի, այնպես էլ կազմակերպական ջանքերի միջոցով պետք է կարողանանք օգնել մեր կարիքավոր հայրենակիցներին՝ անկախ նրանից` աշխարհի որ ծայրում են գտնվում: Փառք Աստծո, այսօրվա տեղեկատվական ու տեխնիկական հնարավորությունները մեզ համար լուրջ քայլեր անելու դռներ են բացել, ուղղակի մենք ոնց որ թե պատրատ չենք նոր ժամանակներին համահունչ շարժվելու:
Ուրեմն, ի գո՛րծ, մեր սիրելի հայրենակիցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել