168.am-ը գրում է․

Զագրեբում ԵԺԿ համագումարի ընթացքում ՀՀ երրորդ նախագահի ելույթը մեսիջ էր, որ անցել է մեկ ու կես տարի, բայց չեն լուծվել այն խնդիրները, որոնց լուծման հեռանկարը ժողովրդին հանեց փողոց: Այսպես մեկնաբանեց Սերժ Սարգսյանի ելույթը «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Բանախոսի կարծիքով՝  «Սերժ Սարգսյանն այսօր էլ իր բարձունքում է: Ես համաձայն եմ Երրորդ նախագահի այն հայտարարության հետ, որ պետք է պայքարել պոպուլիզմի դեմ, որովհետև հիմա, բացի դրանից, այլ բան չկա: Հեղափոխական Հայաստանը բոլոր ոլորտներում հետընթաց է ապրում, չեն կատարվում տրված խոստումները՝ ներգաղթ, բյուջեի եռակի աճ: Մի քանի կիլոմետր ասֆալտ անելով՝ փորձում են ցույց տալ, որ՝ տեսե՛ք՝ ինչ լավն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»:

ԵԺԿ համագումարի ժամանակ ՀՀ երրորդ նախագահն ուղերձ էր հղել նաև Ադրբեջանին՝ ասելով, որ Արցախը երբեք իրենց երկրի մաս չի լինելու: Վահան Բաբայանի գնահատմամբ՝ այս հարցում Սերժ Սարգսյանի տեսակետը հստակ է՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի:

«Սերժ Սարգսյանի շուրջ պետք է համախմբվեն այն մարդիկ, որոնք մտածում են, որ Հայաստանն ուրիշ տարբերակ չի տեսնում, քան այն, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի հայտնվելու: Նիկոլ Փաշինյանը հեղափոխության օրերին հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ Արցախը դառնա բանակցային գործընթացի կողմ, բայց մինչև այժմ ոչ միայն դա չի արել, այլ այսօր նա հայտարարում է, որ արցախյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցիների համար: Մեր ի՞նչ մտածելիքն է այն մարդկանց դիրքորոշումը, որոնք մեզ պատերազմ են հայտարարում, անմեղ մարդկանց են սպանում: Սա մարազմ է»,- ասաց Վահան Բաբայանը:

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի կարծիքով՝ ԵԺԿ-ում ելույթը և ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումն ապացուցում են, որ Սերժ Սարգսյանը միջազգային հարթակներում մերժված քաղաքական գործիչ չէ:  Քաղաքական մեկնաբանը պնդում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար  Նիկոլ Փաշինյանի  առաջարկած թեզն  իշխանությունը պահելու միակ տարբերակն է:

«Ընդդիմադիր Նիկոլն անընդհատ հակառուսական ելույթներ էր ունենում,  և արևմտյան կողմն աջակցեց Նիկոլ Փաշինյանին, որ հակառուսական հեղափոխություն անի:  Սակայն հեղափոխության օրերին նա միանգամից դարձավ պրոռուսական և միայն դրանից հետո դարձավ վարչապետ: Արևմտյան ուժերը սպասում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է արդարացնի իրենց սպասումները, և Նիկոլ Փաշինյանը նրանց դեռ հույսեր է տալիս: Արցախի հարցում հնչեցրած իր տեսակետները պատահական չեն, սա իշխանությունը պահելու միակ միջոցն է, նա ասում է՝ ես միակ տղեն եմ, որ կարող է հարցը երեք կողմերի համար էլ ընդունելի ձևով լուծել»,- ասաց Մենուա Հարությունյանը:

ԵԺԿ համագումարի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետին հարց ուղղելու հնարավորություն ստացավ ադրբեջանցի բլոգեր, որը, ինչպես հետո պարզվեց, ամենևին էլ բլոգեր չէր, այլ Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակից: «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ցավում է, որ հնարավոր է եղել նման երևույթ:

«Երևի ժողովրդավարություն ցույց տալու հարց էր, համացանցում էլ կա, որ այդ մարդը բլոգեր չէ, այլ ծառայությունների աշխատակից է: Նման մարդկանց ներս թողնելը զարմանալի էր: Սա ուղիղ կապված է մեր երկրի առաջին դեմքի անվտանգության հետ, մենք չգիտենք՝ ադրբեջանցիներից ինչ սպասել»:

Արդարության համար Վահան Բաբայանը նշեց, որ վարչապետն ադրբեջանցի «բլոգերի» հարցին ի պատասխան՝ որոշ ճիշտ շեշտադրումներ է արել: Միայն թե նրան զարմացրել է վարչապետի մեկ այլ հայտարարություն, որն ըստ Բաբայանի՝ կարող էր վատ ազդեցություն ունենալ Իտալիայի և Վատիկանի հետ մեր դիվանագիտական հարաբերությունների վրա:

«Նիկոլ Փաշինյանը մեղադրում է  Իտալիայի իշխանություններին պադվալներում մարդ պահելու մեջ, ասում է՝ կգանք, վզներից կբռնենք-կտանենք: Նա մոռանում է, որ ինքը բլոգեր չէ, ընդդիմադիր գործիչ չէ, և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի: «Պադվալներից մարդկանց կհանենք»-ը ի՞նչ է նշանակում, ո՞ւմ է Վատիկանը պահում»,- ասաց Վահան Բաբայանը:

Նիկոլ Փաշինյանը Միլանում  ելույթի ժամանակ  հայտարարել էր նաև, որ չարիք է այն իշխանությունը, որը չունի ժողովրդի վստահությունը, և, որ չարիք են եղել բոլոր իշխանությունները՝ սկսած 1996թ.-ից:

Դրա վերաբերյալ քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն ասաց. «Նա հասկացել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ամեն դեպքում ժողովուրդը չի սիրում, իրեն էլ սկսեցին կապել նրա հետ, դրա համար էլ ասաց, որ Տեր-Պետրոսյանն էլ մի չարիք է, ինչո՞ւ եք ինձ կապում նրա հետ: Նիկոլ Փաշինյանի համար բոլորը մատաղացու գառներ են, եթե որևէ մեկին թվում է, որ այսօր Ռոբերտ Քոչարյանին են կպել, իրենց չե՞ն կպնելու, կպնելու են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել