168.am-ը գրում է.

Վրաստանի իշխանությունները ոչ ոքի թույլ չեն տա ապակայունացնել երկրի իրադրությունը, հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն բրիֆինգում։ Թբիլիսիում բողոքի ալիքը չի դադարում նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանը ձախողեց 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում խառը համակարգից համամասնականի անցնելու սահմանադրական ուղղումների ընդունումը:

Պարբերաբար բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Նոյեմբերի 19-ին բանը հասել է նրան, որ խորհրդարանի մուտքերն արգելափակող բողոքողներին հարկ է եղել հետ մղել հատուկ նշանակության ուժերով: «Համաքաղաքացիներին ցանկանում եմ ասել, որ խաղաղություն է լինելու, մենք ոչ ոքի թույլ չենք տա ապակայունացնել երկրի իրադրությունը: Նախազգուշացնում եմ ընդդիմության դեստրուկտիվ մասին, որի գլխավոր ծրագիրը պետական հաստատությունների արգելափակումը կրկնելն է, որ դա դուրս է գալիս խաղաղ ցույցերի շրջանակից, եւ պետությունն այսուհետեւ էլ հակազդելու է դրան»,-ասել է Տալակվաձեն: Նա ափսոսանք է հայտնել, որ սահմանադրական ուղղումները չհավաքեցին բավականաչափ թվով ձայներ: Դրա հետ մեկտեղ Տալակվաձեն ընդգծել է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կլինեն դեմոկրատական, թափանցիկ եւ կանցնեն արդար միջավայրում:

Նախօրյակին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այն, որ Վրաստանում իրադրության ապակայունացումն անդրադառնում է տնտեսության եւ ամբողջ երկրի զարգացման վրա: Բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում՝ համամասնական համակարգով: Չնայած պետական հիմնարկությունները ու մանավանդ երկրի գլխավոր հաստատություններից մեկը՝ խորհրդարանը, չարգելափակելու ոստիկանության եւ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության ղեկավարների բազմաթիվ կոչերին, բողոքող ընդդիմությունը եւ երիտասարդական շարժումները մտադիր չեն ընկրկել: Նրանք հայտարարել են, որ ամեն շաբաթ՝ երկուշաբթի օրվանից, կսկսեն պիկետել խորհրդարանի մուտքերը, որպեսզի առավելագույն անհարմարություն ստեղծեն պատգամավորների համար, հաղորդել է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել