Համաձայն մասնագետների միջազգային խմբի կողմից կատարված և նոյեմբերին հանրայնացված «Ահաբեկչության համաշխարհային ցուցանիշներ» ուսումնասիրության՝ Հայաստանը ցանկում զբաղեցնում է 94-րդ հորիզոնականը՝ վերջին տարիների համեմատ բարելավելով դիրքերը։

Ըստ ուսումնասիրության մեջ ներկայացված տվյալների՝ ցուցանիշները բարելավել են նաև Ղազախստանը, Ռուսաստանն ու Ուկրաինան։

Բելառուսն ու Թուրքմենստանը ճանաչվել են ԱՊՀ տարածքում ամենաանվտանգ պետություններ ահաբեկչական հարձակումների կատարման տեսանկյունից։ Նախորդ տարվա տվյալներով այս երկու պետություները զբաղեցրել են ցանկի 138 հնարավոր հորիզոնականից 138-ը, ինչը նշանակում է, որ այնտեղ ահաբեկչական հարձակումների վտանգը գրեթե ամբողջապես բացակայում է։

Եվրամիության անդամ երկրներից Մեծ Բրիտանիան ճանաչվել է պետություն, որտեղ ահաբեկչական հարձակումների վտանգն առավել բարձր մակարդակի վրա է։ Համաձայն ուսումնասիրության՝ Միացյալ Թագավորությունը գտնվում է ցանկի 28-րդ հորիզոնականում՝ ցածր հորիզոնականներում թողնելով Եվրամիության մյուս երկրներին, ներառյալ՝ Ֆրանսիային, Գերմանիային, Բելգիային և Իսպանիային։

ԱՄՆ-ն զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 16-րդ։

Ահակբեկչության վտանգի տեսանկյունից աշխարհում առավել անապահով ու վտանգավոր երկրներ հերթական անգամ ճանաչվել են Աֆղանստանը, ապա՝ Իրաքը, Նիգերիան ու Սիրիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել