Ermenihaber.am-ը գրում է.

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիայի և ԵՄ երկրների միջև սիրիացի փախստականների հարցին և թեմայի շուրջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` վերջերս հնչեցրած սպառնալից հայտարարությանը:

Գերմանական «Handelsblatt» թերթին տված հարցազրույցում Միցոտակիսը նշել է, որ Էգեյան ծովի վրայով Հունաստան մուտք գործած փախստականների թիվն  ավելացել է: 

«Այս իրավիճակը նման ձևով չի կարող շարունակվել: Այստեղ մի բան ակնհայտ է. Թուրքիան փախստականներին ընդունում որպես լծակ օգտագործելու և Եվրոպայի վրա ճնշումներ գործադրելու համար: Ու փորձում է ինչ-որ բան ձեռք բերել»,-ասել է նա:

Հունաստանի վարչապետն այնուհետև, անդրադառնալով Թուրքիայի նախագահի` «կբացենք դարպասները» սպառնալից հայտարարությանը, նշել է. «Ես նախագահ Էրդողանին հստակ ասել եմ, որ եթե ցանկանում է Հունաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ապա չպետք է փախստականներին այդ ձևով օգտագործի»:

Միցոտակիսն օրինակ է բերել, որ եթե ինքը զանգի Թուրքիայի առափնյա անվտանգություն և ասի, որ Հունաստանը Թուրքիայի ափերի մոտ փախստականներ տեղափոխող նավ է հայտնաբերել, ոչ մի պատասխան չի կարողանալու ստանալ, ինչն էլ անընդունելի է և խախտում է ԵՄ-Թուրքիա միջև կնքված փախստականների համաձայնագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել