Pastinfo.am-ը գրում է.

Մանվել Գրիգորյանի նկատմամբ այսօր ակնհայտ էր դաժան վերաբերմունքը։ Անթույլատրելի է նման պայմաններում անձին պահել կալանքի տակ։ Ըստ էության Լինչի դատաստան են տեսնում վերջինիս նկատմամբ՝ բոլոր իրավական հետևանքներով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նշենք, որ այսօր դատական նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին վատացավ։ Շտապօգնության աշխատակիցները նրան դուրս հանեցին նիստերի դահլիճից։ Դատավոր Մնացական Մնացականյանը չբացառեց քրեական գործից Մանվել Գրիգորյանի մասն անջատելու տարբերակը։
Մեր այն դիտարկմանը, որ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները դատարանը մերժում էր՝ առողջական վիճակը վատ լինելու վերաբերյալ պաշտպանական կողմի փաստարկները հիմնավոր չհամարելով, սակայն այսօր չի բացառել, որ նրա մասը քրեական գործից անջատվի՝ փաստաբանը նկատեց, որ դա անթույլատրելի է. «Ընտրովի արդարադատությունը պետք է բացառել։ Մաս անջատելու հետ կապված դա ավելի քան անհիմն է, որովհետև, ըստ էության, չեմ էլ պատկերացնում՝ ինչպես պետք է մաս անջատեն ու լսեն։ Եթե դատարանի ցանկությունն առերևույթ արդարադատություն իրականացնելն է, որի հիմքով պետք է հերթական անարդար դատաքննությունից հետո վճիռ կայացնեն, ուղղակի թույլ չենք տալու»,-հավելեց փաստաբանը։

Նշենք, որ դատական նիստի ժամանակ պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել վերացնելու այն գույքի արգելանքը, որը ժամանակին Մանվել Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել նվիրաբերել պետությանը. «Մենք ցանկանում ենք առերևույթ վնասը փոխհատուցել։ Օրակարգում ունենք այն իրացնել և ստացված միջոցներն ուղղել վնասի հատուցմանը»,-նշեց Լևոն Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ քրեական գործով որպես մեղադրյալ են անցնում Մանվել Գրիգորյանը եւ նրա կինը։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել