AntiFake.am-ի տրամադրության տակ է հայտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ 2019թ. մայիսի 29-ի թիվ 01/15/5076-19 հանձնարարականն՝ ուղղված համայնքների ղեկավարներին։

Հանձնարարականը վերաբերում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների իրագործման վերաբերյալ Հայաստանի առաջին զեկույցի առնչությամբ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի ամփոփիչ դիտարկումներին։

Նախարարը հանձնարարականով համայնքի ղեկավարներին առաջարկում է իրենց իրավասության սահմաններում քայլեր ձեռնարկել հանձնարարականում ներառված առաջարկությունների (հանձնարարականների) իրականացման ուղղությամբ և կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետարան ներկայացնել տեղեկատվություն մինչև 2019 թ. նոյեմբերի 15-ը և 2020 թ. մայիսի 15-ը։

Մեր ձեռքի տակ է հայտնվել Սուրեն Պապիկյանի հանձնարարականն՝ ուղղված Շիրակի մարզի համայնքների ղեկավարներին, սակայն կարելի է ենթադրել, որ նման հանձնարական ուղարկվել է ՀՀ բոլոր համայնքներին։

Հանձնարարականում տեղ են գտել մի շարք հետաքրքրական «դիտողություններ», որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց, հատուկ շեշտադրմամբ՝ ԼԳԲՏ անձանց իրավունքներին և նրանց նկատմամբ խտրականության արգելքին։ Մասնավորապես.

6-րդ կետով կոմիտեն առաջարկում է, որ մասնակից պետությունը ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց լիակատար և հավասար ներգրավվածությունը հաշմանդամությանն առնչվող ամբողջ օրենսդրության, քաղաքականության բոլոր ծրագրերի, ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի վերաբերյալ որոշումների կայացման և դրանց մշակման գործընթացին իրենց ներկայացուցչական կազմակերպությունների միջոցով։ Մասնակից պետությունը նաև պետք է ցուցաբերի պատշաճ աջակցություն և ստեղծի անհրաժեշտ պայմաններ՝ ապահովելու համար հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ կանանց, երեխաների, փախստականների և ապաստան հայցողների, լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց, հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող, լսողական և տեսողական խնդիրներ ունեցող, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց, գյուղական շրջաններում ապրող և աջակցության մեծ կարիք ունեցող անձանց ներկայացուցիչների մասնակցությունը խորհրդակցական գործընթացներին։

Իսկ 8-րդ կետով կոմիտեն առաջարկում է, որ մասնակից պետությունը՝

ա) արագացնի Խտրականության դեմ օրենքի նախագծի ընդունումը և ապահովի, որ այն ներառի հանրային և մասնավոր հատվածներում հաշմանդամության հիմքով խտրականության սահմանումը, այդ թվում՝ բազմաթիվ և հատվող հիմքերով խտրականության ձևերը, մասնավորապես՝ գենդերային խտրականությունը, և ստեղծի մեխանիզմներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները խախտելու համար պատժամիջոցներ կիրառելու համար,

բ) ներառի «անհրաժեշտ պայմաններ» հասկացությունը խտրականության դեմ օրենսդրության մեջ և որպես խտրականության ձև ճանաչի նման պայմանների ապահովման մերժումը,

գ) մատչելի ձևաչափերով հասանելի դարձնի հաշմանդամության հիմքով խտրականության դեպքերին և իրավական պաշտպանության միջոցներին, այդ թվում՝ իրավախախտների դեմ կիրառված պատժամիջոցներին և տուժած անձանց կրած վնասների հատուցմանն առնչվող տեղեկատվությունը։

Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները գործուն քայլեր են ձեռնարկում բոլոր ոլորտներում և բնագավառներում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու, նրանց տարատեսակ կարգավիճակներ շնորհելու և այդ կարգավիճակներում այդ համայնքի ներկայացուցիչներին աջակցելու ուղղությամբ։

Իսկ հանձնարարականի բովանդակությունից կարող ենք եզրակացնել, որ ՄԱԿ-ը պարտավորեցնում է իշխանություններին արագացնել Խտրականության դեմ օրենքի նախագծի ընդունումը, որտեղ հատուկ կերպով առանձնացնում է գենդերային խտրականության ամրագրումն ու իրավախախտներին պատասխանատվության ենթարկելը։

Այսպիսով՝ հաստատվում են բոլոր այն ենթադրությունները, որ ներկայիս իշխանություններն իրենց առաջնահերթությունն են համարում ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտապանությունն օրենսդրական մակարդակով։

Հանձնարականն ամբողջությամբ՝ ստորև։

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել