Չինացիները ստեղծել են բրիտանական Range Rover-ի կրկնօրինակը, որն անվանել են Hunkt Canticie: Այս մասին տեղեկացնում է carscoops.com կայքը:
Մեքենայի արժեքը 18 հազար դոլար է, և այն ծրագրում են վաճառել առայժմ միայն չինական շուկայում: Բրիտանական մեքենայի երկրպագուները դժգոհում են, քանի որ չինացիները գրեթե ամբողջությամբ կրկնօրինակել են իրենց սիրելի ամենագնացի դիզայնը և, ամենայն հավանականությամբ, դա արել են առանց բրիտանական այն ընկերության համաձայնության, ում պատկանում է Range Rover-ի դիզայնի իրավունքը:
Սակայն չինական մեքենայի նմանությունը բրիտանականի հետ միայն դիզայնի մեջ է. Hunkt Canticie-ի ներքին սրահը, որը ստեղծվել է Zoteye ընկերության կողմից, շատ ավելի համեստ է և աչքի չի ընկնում շքեղությամբ, ինչպես բրիտանական մեքենայի դեպքում:
Չինական ամենագնացի ուժային ցուցանիշներն էլ շատ ավելի համեստ են, քան բրիտանական մեքենայինը: Range Rover-ի 5 լիտր աշխատանքային ծավալով V8 շարժիչի փոխարեն չինական մեքենայի շարժիչը 2 լիտրանոց բենզինային է՝ 218 ձիաուժ հզորությամբ: Չինաստանում օրիգինալ Range Rover-ի արժեքը 173 հազար դոլար է, և այն հասանելի չէ բնակչության մեծ մասին:
Բրիտանական ավտոարտադրողը դեռևս չի արձագանքել չինացիների այս քայլին: