Նամիբիայի հյուսիսում տեղակայված խիմբա ցեղն առանձնանում է իր տարօրինակ ապրելակերպով և պարբերաբար հայտնվում ուշադրության կենտրոնում։ Ցեղում ուղղակիորեն արգելված են լվացվելն ու լողանալը. ինչո՞ւ։ 

Նշենք, որ մինչև 19-րդ դարն այս ցեղը բավականին մարդաշատ էր, սակայն հետո ցեղում տեղի ունեցան փոփոխություններ, ու այն բաժանվեց երկու մասի․ մի մասը որոշեց տեղափոխվել ու ապրել եվրոպական երկրներում, մյուս մասը շարունակեց իր գոյությունը պահպանել Աֆրիկայում՝ համարելով, որ իրենց ցեղը լքածներն ուղղակի դավաճաններ են։ 

Ցեղը չունի հիմնական բնակավայր. նրանք տեղափոխվում ու բնակվում են այն վայրերում, որտեղ ավելի շատ խոշոր կաթնասուն կենդանիներ կկարողանան գտնել, քանի որ նրանց համար կարևոր է անասնապահությամբ զբաղվելը։ Ցեղում անգամ անասունների փոխանակությունը համարվում է կարևոր ավանդույթ։ Այստեղ կովերը կարող են փողին հավասար արժեք ունենալ, ու հաճախ նշվում է, որ կովերը ցեղի համար յուրահատուկ արժույթ են, որով չափվում է, թե ինչքան հարուստ է մարդը։ 

Քանի որ ցեղը հիմնականում բնակություն է հաստատում անապատային վայրերում, որտեղ ջրի խնդիրը միշտ էլ առկա է, նրանց մոտ ուղղակի ընդունված չէ լողանալն ու լվացվելը։ Ավելին՝ այստեղ վստահ են, որ ջրով լողանում կամ լվացվում են միայն կենդանիները, իսկ մարդն ավելի վեր է նրանցից ու պետք է մտածի ավելի  «ժամանակակից» մեթոդներ գտնել իր հիգիենան պահելու համար։ 

Այսպես՝ ցեղի իմաստուն կանայք ստեղծել են հատուկ յուղ, որով նրանք ամեն Աստծո օր օծում են իրենց մարմինը։ Զարմանալի է, բայց փաստ, որ ցեղի ներկայացուցիչների մաշկն այնքան իդեալական է, ասես նրանք առավոտից երեկո զբաղվում են միայն դեմքի խնամքով ու մաքրությամբ։ Ինչպե՞ս է այդպես ստացվել։ 

Հետազոտողները վստահեցնում են, որ յուղը, որը պատրաստվում է ցեղի կանանց կողմից, առանձնահատուկ է։ Երբ այդ յուղը նրանք քսում են իրենց մաշկին, այն օգնում է մաշկին միշտ թարմ ու առողջ տեսք ունենալ։ Գիշերվա գալուն պես ցեղի ներկայացուցիչներն ուղղակի մաքրում են այդ յուղն ու դրա հետ մաքրում նաև օրվա ընթացքւոմ մաշկի վրա հայտնված ամբողջ կեղտը։ Սա օգնում է նրանց միշտ գեղեցիկ, մաքուր ու խնամված տեսք ունենալ, ասես նրանք հենց նոր են լողացել ջրով։ 

Ցեղի ներկայացուցիչների մեծամասնությունը կարողանում է կարդալ, հաշվել ու գրել։ Ինչպես շատ աֆրիկյան ցեղերում, այստեղ նույնպես տնային տնտեսության ամբողջ պատասխանատվությունը դրված է կնոջ ուսերին, սակայն երեխաների դաստիարակությամբ, որքան էլ որ անսովոր հնչի, զբաղվում է ամբողջ ցեղը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել