Tert.am Life-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Ուսանողների միջազգային օրն էր։ Տոնական օրվա երեկոն Գյումրու ուսանողությունն անցկացրել է թեժ միջավայրում՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։ Ակումբային երաժշտություն, DJ-ներ, պարեր առանց պաթետիկ տեքստերի. այսպես բնութագրեց օրը նախաձեռնության հեղինակ Ռուբեն Մխիթարյանը:

Tert.am Life-ի հետ զրուցում նա ասաց, որ միրջոցառումը կազմակերպելու միտքն ինքնաբուխ է եղել։

«Ընկերներով սովորաբար մտածում ենք՝ ինչ անել մեր քաղաքի ռիթմը պահելու համար, որովհետև բոլորս էլ մեր քաղաքի երկրպագուներն ենք։  Ուսանողության օրը նման միջոցառում կազմակերպելու շատ լավ առիթ էր, հատկապես, որ այդ օրն ուսանողների համար որևէ միջոցառում տեղի չէր ունենալու քաղաքում։ Տարածքի փոքրության խնդիր կար, ուստի՝ դիմեցինք ուսխորհուրդների օգնությանը, որպեսզի գրանցենք մասնակիցներին։  Իհարկե, մուտքն անվճար էր բոլոր ցանկացողների համար, դա մեր նվերն էր ուսանողներին։ Շատ ուրախ ենք, որ երիտասարդները եկան, ուրախացան»,-ասաց Ռուբեն Մխիթարյանը։

Միջոցառումը կայացել է High Class խորագրի ներքո, որը, ըստ նախաձեռնության հեղինակի, երկիմաստ է՝ «հայ կլաս», իսկ անգլերենից հայերեն թարգմանությամբ՝ «բարձր դաս»։ Երեկույթն ունեցել է նաև «դրես կոդ», որը ևս, ըստ կազմակերպչի, խորհրդանշական է եղել։

«Նշել էինք, որ բոլորը ներկայանան ազգային որևէ էլեմենտով, ուզում ենք ցույց տալ, որ ժամանակակից ամեն ինչին համընթաց կարող են լինել մեր ազգային խորհրդանիշները։ Որևէ բան մեզ չի խանգարում հայկական զինանշանով շապիկ հագնել ու գնալ ժամանակակից երաժշտության ներքո պարելու։ Մենք ցույց ենք տալիս, որ հետադիմական կամ առաջադիմական որևէ խնդիր չունենք՝  կարելի է համատեղել։ Որևէ բան մեզ չի խանգարում օգտագործել ազգայինը, միևնույն ժամանակ, լինել ժամանակակից»,- նշեց Ռուբեն Մխիթարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել