Լիբիան և Սոմալին 2020 թվականի համար համարվում են մոլորակի ամենավտանգավոր երկրները՝ ըստ նոր քարտեզի, որը նախատեսված է ճանապարհորդներին վտանգների մասին զգուշացնելու համար։

Ինտերակտիվ «Ճանապարհորդական ռիսկերի քարտեզը» ներկայացնում է այն երկրները, որտեղ մարդիկ, ամենայն հավանականությամբ, խնդիրներ կունենան ճանապարհների ապահովության, անվտանգության և բժշկական հարցերի հետ կապված։

Քարտեզը կազմվել է International SOS միջազգային բժշկական և անվտանգության կազմակերպության մասնագետների կողմից։

Ամենաապահով երկրներ են ճանաչվել Ֆինլանդիան, Նորվեգիան և Իսլանդիան, որոնք բոլորն էլ Հյուսիսային Եվրոպայի պետություններ են։

Լիբիան և Սոմալին համարվել են ամենավտանգավորները։ Նրանց շարքին են դասվում նաև Աֆղանստանն ու Վենեսուելան։

Ընդհակառակը, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում բժշկական ապահովագրության, ճանապարհների կամ անվտանգության խնդիրներ ունենալու ցածր ռիսկ կա։ Նրանց շարքին են դասվում նաև Շվեդիան և Գրենլանդիան։

Ինչ վերաբերում է առողջապահությանը, երկրները, որտեղ առողջական խնդիրներ կամ վարակներ ձեռք բերելու մեծ հավանականություն կա, աֆրիկյան պետություններն են՝ Նիգերիան, Գվինեան, Լիբերիան, Հարավային Սուդանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը։ Այս երկրների շարքին են դասվում նաև Սիրիան և Հյուսիսային Կորեան։

Առողջապահության առումով ապահով են համարվում եվրոպական երկրները, Կանադան, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Հարավային Կորեան և Ճապոնիան։

Անվտանգության առումով չափազանց մեծ ռիսկ կա Աֆղանստանում, Սիրիայում, Եմենում, Իրաքում, Սոմալիում, Լիբիայում և Նիգերիայի որոշ շրջաններում։ Եվ հակառակը, անվտանգ պետություններ են Նորվեգիան, Գրենլանդիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Սլովենիան։

Եթե խոսքը գնում է ճանապահների ապահովության մասին, ապա, բացի աֆրիկյան երկրներից, վտանգավոր են համարվում Վենեսուելան, Դոմինիկյան Հանրապետությունը, Սաուդյան Արաբիան, Թաիլանդն ու Վիետնամը։ Ապահով ճանապարհներ ունեն Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և եվրոպական մի շարք երկրներ։

Կազմակերպության մասնագետներից մեկը նշել է, որ ուրախ է, քանի որ մարդիկ, մասնավորապես՝ գործարարները, սկսել են առավել շատ ուշադրություն դարձնել իրենց գործունեության վայր ընտրելուն՝ հաշվի առնելով բոլոր վտանգները։ Ըստ նրա՝ իրենք փորձում են ամեն գնով օգնել մարդկանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել