ՎԵՐՆԱՏՈՒՆ: Այս վեհ գաղափարը երեկ վերածվեց քաղաքական մտավարժանքների, անձնական, կուսակցական և խմբային շահերի ներկայացման մի անհամ շիլա-շփոթի:
Ափսոսում եմ ոչ միայն կորցրած ժամանակի, այլև հանրության մեջ ՎԵՐՆԱՏՈՒՆ բառից ձևավորված ակնկալիքը փոշիացնելու համար: Ինձ այդ հավաքին հրավիրողն ամեն կերպ վստահեցնում էր, թե տեսնելու եմ հասարակության չկուսակցականացված, չվարկաբեկված, անաղարտ, մտավորական հատվածին: Ի բացառություն մեկ-երկուսի, մնացածները նոր ամբիոն էին գտել հին ու բոլորին հայտնի երգերի, հայհոյանքների, երկրի նախկին ղեկավարներին հերոսացնելու օրվա իշխանություններին բոլորին հայտնի դժգոհություններ հաղորդելու համար:
Ինքս ինձ հարց եմ տալիս. սա է Վերնատունը? Հովհաննես Թումանյանի ՛՛Վերնատունը՛՛ ոչ մի քաղաքական, կուսակցական երանգ չուներ, այն խորապես ազգային էր, մշակութային և երկրի համար խիստ կարևոր դեր խաղաց:
Ցավում և ափսոսում եմ, որ լուրջ որակ ենք կորցրել երկրում, իսկ նորը ձևավորելը ժամանակ է պահանջելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել