Դիմախաղային կնճիռները կարող են ի հայտ գալ նույնիսկ երիտասարդ տարիքում: Պատճառը մեր «վնասակար սովորույթներն» են` դեմքը կնճռոտելը, հոնքերը խոժոռելը, աչքերը կկոցելը:
Դիմախաղային կնճիռները կանխարգելելու մասին կպատմի կոսմետոլոգ Մարինա Հովասափյանը:
«Ցավոք, դիմախաղային կնճիռների առաջացումը կանխել գրեթե անհնար է, քանի որ էմոցիաները մեր կյանքի անքակտելի մասն են: Բայց մենք կարող ենք բարձրացնել մաշկային հյուսվածքի առաձգականությունը: Այդ ժամանակ այն ավելի քիչ վնաս կկրի դիմախաղերի եւ դեմքի մկանների կրճատման արդյունքում: Մաշկի առաձգականությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել սնուցող գիշերային եւ խոնավեցնող ցերեկային կրեմ, որոնք կանխարգելում են կնճիռների առաջացումը: Դիմահարդարումը մաքրելիս մաշկը մի տրորեք եւ մի վնասեք դեմքն ու աչքերը:
Մի մոռացեք հետեւել դեմքի մաշկի խնամքի պարզ կանոններին: Ցանկացած միջոց քսեք միայն մերսման գծերով (ներքեւից վերեւ): Գործածեք միայն այն կրեմներն ու դիմակները, որոնք ձեզ են հարմար, եւ որեւէ միջոց ընտրելուց հետո անընդհատ մի փոխեք այն»: