Վարպետաց դաս... այն մասին, թե ինչպես երկրի փաստացի ղեկավարը մինչև հիմա չի տիրապետում Արցախյան հիմնահարցի պատմությանն ու խնդիրներին` անգամ միջին մակարդակով, և ինչպես է հերթական անգամ "սրբագրվում" պաշտոնական տեղակատվությունը:
Ճակատագրի հերթական հեգնանքն է գուցե, որ հենց "Վարպետաց դաս" անվանմամբ միջոցառմանը վարչապետի մոտ կես ժամ տևած ելույթում և ադրբեջանցի Բախտիարին տրված պատասխաններում հնչեցին կոպտագույն սխալներ, որոնք միմիայն առաջացնում են խիստ մտահոգություն:
Փորձեմ առանձնացնել հիմնականները:
Վարչապետը կրկին նշեց, որ ԼՂԻՄ-ը անկախացել է Խորհրդային Ադրբեջանից: Ոչ, պարոն վարչապետ, դուք սխալվում եք, 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն իր անկախությունն է հռչակել ԽՍՀՄ-ից, և ոչ թե Խորհրդային Ադրբեջանից:
Վարչապետը բառացիորեն ասում է. "Կա միջազգայնորեն հաստատված բանակցային ֆորմատ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որի մանդատն է ՈՐՈՇԵԼ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը": Ոչ և կրկին ոչ, պարոն վարչապետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը ՄԻԶՆՈՐԴԵԼՆ է կողմերին` հիմնախնդրի լուծման հարցում: Եվ կրկին Ձեր պաշտոնական կայքի "սրբագրիչը" վկա:
Վարչապետը, հղում անելով այսօր Ադրբեջանի կողմից առաջարկվող բարձր ինքնավարությանը, նշում է, որ Լեռնային Ղարաբաղը այդ կարգավիճակում արդեն եղել է, այն Խորհրդային Ադրբեջանի կազմում արդեն իսկ ունեցել է ինքնավարություն, որը վարչապետը կոչում է "միջանկյալ կարգավիճակ": Ոչ, պարոն վարչապետ, այսօր բանակցային սեղանին քննարկվող Արցախի "միջանկյալ կարգավիճակը" ենթադրում է այնպիսի կարգավիճակ, որը որևէ կերպ չի կարող ավելի ցածր լինել, քան այսօրվա կարգավիճակն է, և Ձեր նշած խորհրդային ժամանակաշրջանի ինքնավարությունը համեմատելի չէ այսօրվա իրողության հետ:
Եվ վերջապես, պարոն վարչապետ, մի խուսափեք պատասխանելու ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին Ադրբեջանի "սիրելի" հարցին` հենց Ադրբեջանը չի կատարում այդ բանաձևերում նշված պահանջը` ուժի կիրառման վերցումը և հրադադարի պահպանումը, և քանի դեռ Ադրբեջանը շարունակում է կրակել, ՄԱԿ ԱԽ բանաձևերի մասին խոսելն անիմաստ է:
Այս սխալներից յուրաքանչյուր խիստ կարևոր է բանակցային ողջ գործընթացի համար, պարոն վարչապետ, հանձնարարեք Ձեզ համար պատրաստել տեղեկատվական համառոտ թերթիկ` հետագայում այս սխալները չկրկնելու համար:
Եվ մի բան էլ` այսօր Դուք հայկական կողմերի անունից բանակցողն եք, պաշտպանեք ՄԵՐ շահերը, այլ ոչ` երկխոսության պատրաստակամություն հայտնեք Ադրբեջանի ժողովրդի հետ, մի երկրի ժողովրդի, ում Արցախը պետք է առանց հայերի, ինչպես հենց Դուք նշեցիք: Ի դեպ, "սրբագրիչին" հարցրեք, թե ուր մնաց Ձեր` պատրաստակամություն հայտնելու մասը Ձեր իսկ պաշտոնական կայքից:
Եվ այդ նույն «սրբագրիչին» ասեք, Դուք ճիշտ եք, իսկ նա՝ սխալ, Ձեր բանավոր խոսքում նշված տարեթիվը ճիշտ է, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարը ստորագրվել է 1994թ.-ի մայիսի 12-ին, իզուր է կայքում փոխվել 1995 թվականի...