Pastinfo.am-ը գրում է.

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դեմ պաշտպանական խմբի բողոքի քննությունն այսօր եւս չի ավարտվել ւ կշարունակվի վաղը ժամը 16։00-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Երվանդ Վարոսյանից։

Նշենք, որ պաշտպանական խմբի բողոքի քննությունը նախկինում երկու անգամ հետաձգվել է, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել էր Երվանդ Վարոսյանը, դատախազների չներկայանալու պատճառով և նշանակվել այսօր։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց Արա Վարդանյանի նկատմամբ որպես ընտրված խափանման միջոց գրավը ու նա կալանավորվեց։

Ավելի վաղ Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ Արա Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասով, իբր յուրացման համար. «Իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը առնչություն ունենալ չէր կարող։ Նախաքննական մարմնի կողմից ևս դատարանին չներկակացվեց որևէ ապացույց, թե Արա Վարդանյանը հնարավոր է առնչություն ունենա ինչ-որ ենթադրյալ յուրացման։ Ամենևին պատահական չենք համարում նաև այն, որ դեռևս դատարանի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, դատարան ժամանեցին Արա Վարդանյանին քրեակատարողական հիմնարկ ուղեկցող աշխատակիցները»,-նշեց Երվանդ Վարոսյանը։

Վերջինս ընդգծում է, որ 1 տարի 3 ամիս խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման ընտրությունը պայմանավորում է Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել