Բժիշկները կարողացել են փրկել Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Բարելի քաղաքի գերեզմանատանը կավե ամանի մեջ թաղված և 48 ժամ հողի տակ անցկացրած փոքրիկ երեխայի կյանքը: Այս մասին հայտնում է The Times of India-ն:

Նորածին աղջնակը հիվանդանոց էր տեղափոխվել մեկ ամիս առաջ: Նա կշռում էր մեկ կիլոգրամ: Մեկ ամսվա ընթացքում նրա քաշը կրկնակի ավելացել է: Նա արձագանքում է հիվանդանոցի աշխատակիցներին և կարողանում է ուտել շշով: Բժիշկները կարծում են, որ շուտով փոքրիկը դուրս կգրվի հիվանդանոցից:

Երեխայի կենսաբանական ծնողները որոնվում են սպանության փորձ կատարելու մեղադրանքով: Նշվում է, որ նրանց կողմից կատարված քայլի դրդապատճառ կարող էր հանդիսանալ այն, որ երեխան թերհաս էր ծնվել: Բարելիի ոստիկանությունը շարունակում է պարզել հանգամանքները:

Ծնողները փոքրիկին դրել էին կավե ամանի մեջ, փաթաթել կտորով և թաղել 60 սմ խորությամբ: 48 ժամ հողի տակ անցկացնելուց հետո նրան փրկել էր երիտասարդ մի զույգ, որը գերեզմանոցում էր մահացած նորածին դստերը հուղարկավորելու համար: Նրանք լսել էին մանկան լաց ու զանգահարել շտապօգնություն և ոստիկանություն:

Լքված փոքրիկին որդեգրելու ցանկություն է հայտնել մի քանի մարդ, այդ թվում` նրան փրկած զույգը: Նրանցից դեռևս ոչ ոք որդեգրման համար գրավոր դիմում չի ներկայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել