1965 թ. Կանադայում՝ Ջանեթ և Ռոնա Ռայմերների ընտանիքում ծնվեցին արու երկվորյակներ՝ Բրայանն ու Բրյուսը։ Ծնվելիս պարզ դարձավ, որ երեխաները միզասեռական համակարգի հետ կապված խնդիրներ ունեն, և բժիշկները ծնողներին առաջարկեցին պարզ վիրահատություն իրականացնել։

Ծնողները համաձայնեցին, սակայն եթե Բրայանի վիրահատությունը հաջող ընթացավ, ապա Բրուսը բժշկական սխալի պատճառով ծանր վնասվածք ստացավ, որը ենթակա չէր վերականգնման։ Հոգատար ծնողները չգիտեին՝ ինչպես օգնել որդուն։ Մի օր նրանք հաղորդման ականատես եղան, որին մասնակցում էր հայտնի հոգեբան և Ջոնս Հոպքինսի համալսարանի պրոֆեսոր Ջոն Մանին։

Նա ներկայացնում էր վիճահարույց պնդումը, որ երեխաները ծնվում են չեզոք սեռով, այնուհետև՝ գենդերային դաստիարակություն ստանալու արդյունքում հարմարեցվում են իրենց նախընտրած սեռին։ Ծնողները դիմեցին պրոֆեսորին և վերջինս առաջարկեց արագորեն հեռացնել տղամարդկային մյուս կենսաբանական հատկանիշները և երեխային որպես աղջիկ դաստիարակել։

Պրոֆեսորը խստորեն արգելեց ծնողներին երեխային հայտնել, որ նա երբևիցե տղա է եղել։ Ծնողները պլանն ի կատար ածեցին, որդուն տվեցին Բրենդա անունն ու սկսեցին դաստիարակել նրան որպես աղջկա։ Սակայն հակառակ հոգեբանի կանխատեսումների՝ վաղ տարիքից ի վեր խնդիրներ ի հայտ եկան. Բրյուս-Բրենդան ընդդիմանում էր, հիստերիկանում, երբ մայրը փորձում էր նրան զգեստ հագցնել։ Երեխան խնդիր ուներ նաև հասակակիցների հետ շփման հարցում։

Բրենդան եղբոր՝ Բրայանի հետ պարբերաբար այցելում էր հոգեբան Ջոն Մանիին, որտեղ հոգեբանական տարբեր թեստեր ու փորձեր էին անցնում։ Փորձերի նպատակը յուրաքանչյուր երեխայի գիտակցության մեջ սեփական գենդերային անհատականության հստակեցումն էր։ Հնարավոր է՝ հենց այս հոգեբանական փորձերի հետևանքով էլ ավելի ուշ Բրայան Ռայմերի մոտ շիզոֆրենիա ախտորոշեցին։

Բրյուսին Մանիի դրդմամբ շարունակում էին հորմոններով սնել, սակայն խնդիրները չէին անհետանում։ Բրյուսը ձգտում էր տղաների հետ շփվել, նրան դուր էին գալիս տղաների համար նախատեսված խաղերը, որոնք արգելված էին նրա համար։ Աղջիկների հետ շփվելը նրան բացարձակապես դուր չէր գալիս, և աղջիկներն էլ իրենց հերթին չէին կարղանում երեխային որպես իրենց ընկերուհի ընդունել։ 15 տարեկանում Մանին Բրյուսին ստիպեց վերջնական սեռափոխման վիրահատություն կատարել։

Բրյուսը, սակայն, կտրականապես հրաժարվեց և անգամ ինքնասպանության փորձ գործեց։ Այդժամ նրա հայրը չդիմացավ և պատմեց երեխային, թե ով է նա և ինչպիսին է ծնվել։ 80-ականների վերջին բժշկությունը մեծ զարգացում էր ապրել և սեռափոխման վիրահատությունները բարձր մակարդակով էին անցկացվում։ Բրյուս-Բրենդան վերջապես կարողացավ վերադարձնել իր տղամարդկային ու իրական կերպարանքը։ Նա փոխեց նաև անունը և կոչեց իրեն Դավիդ։ 23 տարեկանում ամուսնացավ ամուսնալուծված մի կնոջ հետ, ով երեք երեխա ուներ։

Սակայն որոշ ժամանակ անց նրա եղբայրը՝ Բրայանը, մահացավ այն դեղանյութերի չարաշահումից, որոնք ընդունում էր։ Դավիդը կորուստը շատ ծանր տարավ, դեպրեսիայի մեջ հայտնվեց, ամուսնալուծվեց, կորցրեց աշխատանքը։ 2004 թ.՝ 38 տարեկան հասակում, նա ինքնասպան եղավ։ Մանին մինչև վերջին պահը փորձում էր ապացուցել իր անմեղությունը։ Նա ասում էր, որ մեղավոր են միայն ծնողները, որոնք թույլ են տվել այս ամենը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել