Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թ.-ի հոկտեմբերի 3-ին ընդունել է 1900-րդ բանաձևը, որը սահմանում է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը։
Բանաձևի համաձայն.
Անձնական ազատությունից զրկված անձը համարվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ, եթե.
ա. կալանքը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հիմնական երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ.
Ի սկզբանե կոպտորեն խախտվեցին Արսեն Բաբայանի ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության կոնվենցիոնալ իրավունքները: Ձերբակալումն ակհայտ ոչ իրավաչափ էր և կիրառվել էր ազատազրկումը բացառող հանգամանքի պայմաններում, չէր ապահովվել կասկածյալի կարգավիճակում գտնվող Արսեն Բաբայանը մասնակցությունը իր ձերբակալման իրավաչափությունը վիճարկող նիստին, ինչի վերաբերյալ աղմուկից հետո անազատության մեջ պահելու նպատակով Արսեն Բաբայանին առաջադրվեց առանձնապես ծանր, բայց ակնհայտ անհիմն մեղադրանք:
բ. եթե կալանքը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, առանց որևէ առնչության.
Ակնհայտ է, որ Արսեն Բաբայանը կալանավորված է Սահանադրական դատարանի նկատմամբ քաղաքական ճնշումների համատեքստում և համապատասխան փաստերի ու հանցակազմի հատկանիշների բացակայության պարագայում հարուցված քրեական գործի շրջանակներում: Միայն այն հանգամանքը, որ վերագրվող արարքի հիմքում ընկած է ոչ թե Սահմանադրական դատարանի, այլ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններին տիրանալը, վկայում է իշխանության յուրացման հանցակազմի առերևույթ բացակայության մասին:
գ. եթե, քաղաքական շարժառիթներից ելնելով, կալանքի տևողությունը կամ դրա պայմաններն ակնհայտորեն համաչափ չեն այն հանցագործությանը, որի կատարման համար անձը ճանաչվել է մեղավոր կամ մեղադրվում է.
Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումն ինքնին որպես խափանման միջոց կիրառելու որոշումը դուրս է ողջամտության սահմաններից և կայացված է բացառապես քաղաքական մոտիվներով, ինչին լրացուցիչ կանդրադառնամ առանձին հրապարակմամբ:
դ. եթե քաղաքական դրդապատճառներով նա պահվում է այլ անձանց համեմատ խտրական պայմաններում.
Արսեն Բաբայանի կալանքը զուգորդվում է տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքով առանց դրանց բացասական ազդեցության վերաբերյալ որևէ հիմնավորման կամ պատճառաբանության:
ե. եթե կալանքն ակնհայտ անարդար ընթացակարգերի արդյունք է, և դա առերևույթ փոխկապակցված է իշխանությունների քաղաքական շարժառիթներին.
Քրեական գործը, որի շրջանակներում կալանավորվել է Արսեն Բաբայանը, ակնհայտորեն հարուցվել է բացառապես քաղաքական նկատառումներով՝ որպես հերթական ռեպրեսիվ մեխանիզմ Սահմանադրական դատարանի, մասնավորապես՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, անմիջապես հաջորդելով Ազգային ժողովի ներկայացված տխրահռչակ դիմումի վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը այն դեպքում, երբ անգամ միայն իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունները վերլուծելիս ակնհայտ է այդ գործում հանցակազմի հատկանիշների բացակայությունը:
Հետևաբար, այո՛, Արսեն Բաբայանը ՔԱՂԲԱՆՏԱՐՅԱԼ է և պետք է անհապաղ ազատ արձակվի:
Հ.Գ. «Քաղաքական բանտարկյալ» հասկացությունը, վերոնշյալ բանաձևից զատ, սահմանված է նաև մի շարք գիտական աղբյուրներում, և դրանցից ոչ մի կերպ չի կարող բխել հնչեցվող այն թեզը, համաձայն որի՝ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ չէ, քանի որ չի զբաղվել քաղաքականությամբ: Նման մոտեցման բարձրաձայնումը վկայում է իրավական անգրագիտության և հանրությանը մանիպուլացնելու ակնհայտ փորձի մասին: