168.am-ը գրում է.

«Բրեվիս»-ի հետազոտության տվյալներով Հայաստանում 18-30 տարեկանների շրջանում հարցվածների կեսից ավելին՝55,2 տոկոսը չամուսնացած է: Այս տարիքային խմբում և՛ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունով, և՛ եկեղեցով ամուսնացածները կազմում են 16 տոկոս: Միայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցմամբ ամուսնացածների թիվը 13.4 տոկոս է, ինչը երկու անգամ ավելին է միայն եկեղեցով ամուսնացածների թվից, որը կազմում է 6,5 տոկոս:

Ըստ հետազոտության՝ 31-45 տարեկանների խմբում ավելի շատ են միայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունով ամուսնացածները, որը կազմում է 36,3 տոկոս և չգրանցված/ փաստական ամուսնություն ունեցողները՝ 34.3 տոկոս: Նույն մոտեցումն առկա է նաև 46-60 տարեկանների շրջանում, որոնց արդեն կեսից ավելին 55.8 տոկոսն ամուսնացած են միայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունով։
Քաղաքացիների շրջանում 61 և ավելի տարիքային խմբում գերակշռում են քաղաքացիական գրանցմամբ ամուսնությունները՝ 61.1, իսկ միայն եկեղեցական ամուսնությունները կազմում են 0.2 տոկոս: Ստացվում է, որ տարիքային խմբի աճին զուգահեռ միայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունով ամուսնացածների թիվն աճում է, իսկ միայն եկեղեցով ամուսնացածների թիվը՝ նվազում:

«Բրեվիս»-ի հետազոտությունը ներկայացնում է պատկերը ըստ բնակավայրերի բաշխվածության: Քաղաքներում չամուսնացածների թիվը կազմում է 16.8 տոկոս, միայն քաղաքացիական գրանցմամբ ամուսնությունները՝ 40.5, միայն եկեղեցով ամուսնացածներինը՝ 3.5, և ՛ քաղաքացիական գրանցմամբ, և՛ եկեղեցով ամուսնացածներինը՝ 18.3 տոկոս, ամուսնալուծվածներինը՝ 3.7 տոկոսը:

Երևանում չամուսնացածների թիվը կազմում է 16.3 տոկոս, միայն քաղաքացիական գրանցմամբ ամուսնությունները՝ 38.6 տոկոս, միայն եկեղեցով ամուսնացածներինը՝ 3.7 տոկոս, և՛ քաղաքացիական գրանցմամբ, և՛ եկեղեցով ամուսնացածներինը՝ 24.3 տոկոս, ամուսնալուծված է 4.6 տոկոսը:
Հատկանշական է, որ չնայած այն պատկերացմանը, որ գյուղական բնակավայրերում, որտեղ մարդիկ ավելի ավանդապահ են, եկեղեցով ամուսնությունների թիվը պետք է բարձր լիներ միջին հանրապետական, քաղաքային և մայրաքաղաքային ցուցանիշներից, պատկերը բոլորովին այլ է․ գյուղական բնակավայրերում միայն եկեղեցով ամուսնացածների մասնաբաժինը 2.4 տոկոս է, ավելի ցածր է հանրապետության միջին ցուցանիշից՝ 3 տոկոս և միաժամանակ զիջում է քաղաքային 3.5 տոկոս և մայրաքաղաքային 3.2 տոկոս ցուցանիշներին։

Վերոնշյալ պատկերը փոխլրացվում է նաև այն հանգամանքով, որ գյուղական բնակավայրերում միայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունով ամուսնացածների մասնաբաժինն ավելին է, քան քաղաքային և մայրաքաղաքային բնակավայրերում։
Ավելի խոր վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ցուցանիշները հստակ պատճառահետևանքային կապ ունեն հարցվածների ընտանիքի միջին եկամտի հետ։ Այսպես, ավելի բարձր եկամուտ ունեցողները նախընտրում են ամուսնանալ եկեղեցով, իսկ ավելի ցածր եկամուտ ունեցողները՝ միայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունով։

Այս երևույթը կարելի է կապել նրա հետ, որ եկեղեցով ամուսնությունը մեզանում ենթադրում է ավելի մեծ ծախսով միջոցառումներ, ի տարբերություն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման արարողության։

Գյուղական համայնքներում ամուսնալուծությունների ցածր մակարդակը կարող է պայմանավորված լինել սույն երևույթի նկատմամբ բնակիչների ոչ միանշանակ ընկալմամբ․ փոքր համայնքներում ընդամենը 1 տոկոսն է ամուսնալուծված։ Մայրաքաղաքում, օրինակ, ամուսնալուծվածները կազմում են բնակչության 4.6 տոկոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել