Armdaily.am-ը գրում է.
«Դա միայն մեր հանձնաժողովի կատարած աշխատանքը չէ, այլ կառավարության։ Պետության կամ պետական անձի կողմից չկա հովանավորչություն և ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ազատ է զբաղվել բիզնես գործունեությամբ և դա արտացոլված է թվերով»,-լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մենաշնորհի դեմ պայքարին, ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Ինչ վերաբերում է բանանի և շաքարավազի ոլորտին, Գևորգյանը նշեց, որ տնտեսվարող սուբյեկտների չափաբաժինների փոփոխություն կա։
«Դա կա նաև կարագի ոլորտում։ Տեսնում ենք, որ թե՛ ներքին արտադրողներն են դառնում մրցունակ, թե՛ տարբեր ներմուծող ընկերությոններ։ Մոտավորապես այդ ոլորտում 20 տոկոսի փոփոխություն կա։ Դինամիկան շատ դրական է։ Հիմա ուսումնասիրում ենք բենզինի ոլորտը, որտեղ տարվա վերջ դրական դինամիկա կլինի, ինչպես նաև գազի և կոնյակի ոլորտները։ Իհարկե, կոնյակի ոլորտում մենաշնորհի մասին խոսելը ճիշտ չի լինի, քանի որ այնտեղ խաղացողների թվաքանակը բավականին շատ է»,- նկատեց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ գերիշխող դիրք գրավող գազավորված ընպելիքների շուկայում երկու վարույթ է ունեցել և հիմա մշակում են այդ ոլորտի «խաղի կանոնները», թե ինչպես հետագայում նրանք պետք է բիզնես անեն։
«Նմանատիպ ծրագիր մեկնարկում ենք նաև «Գրանդ տոբակո» ընկերության հետ, որպեսզի հետագայում խուսափենք խախտումներից»,-հավելեց նա։