Պարզվում է, գների բարձրացմանը համահունչ թոշակները չբարձրացնելուն զուգահեռ ՝ կառավարությունը մի անակնկալ էլ էր պատրաստել թոշակառուների համար: Չնայած յուրաքանչյուր ամսվա 1-2 ից իբր թե պետք է մշտապես բաշխվեն թոշակները, սակայն այդ կարգը թերեւս միայն մայրաքաղաքում է գործում կամ ընտրությունների շեմին: Հուլիսի 4-ի կեսօրի դրությամբ` Սահմանադրության տոնի նախօրեին Վանաձորի փոստային բաժանմունքներում դեռեւս չէին սկսել թոշակների բաշխումը, իսկ վաղ առավոտից անհույս հերթի կանգնած թոշակառուները չգիտեին անգամ, թե թոշակ կլինի՞, թե՞ չի լինի, կամ իրենց կհասնի՞, թե՞ չի հասնի: Եվ միայն կեսօրից հետո «երջանիկների» մի ստվար խումբ միայն, թոշակն ստանալուն պես, արդեն «գրոհի» էր դուրս եկել խանութների վրա, ոմանք էլ շուկա՝ ծիրանի «որսի»: Իսկ մնացյալը, որոնց թվում՝ տներում թոշակին սպասող վատառողջներ, ստիպված կլինեն միգուցե օդով սնվել կամ դեղորայք գնել՝ մինչեւ շաբաթ կամ երեքշաբթի, քանի որ երկուշաբթին էլ՝ Վարդավառին հաջորդող օրը, մեռելոց է: Ընդհանրապես անհասկանալի խտրականություն է. ինչու՞ բանկային բաժանմունքներում թոշակները մի քանի օր ավելի շուտ են բաշխվում, քան՝ փոստային բաժանմունքներում, կամ մարզկենտրոններում ավելի շուտ են բաշխում, քան գյուղերում: Չէ՞ որ թոշակառուներն ունեն նույն սահմանադրական իրավունքները: Այս ֆոնի վրա հարկ ենք համարում մեկ անգամ եւս հիշեցնել ընթացիկ ու սպասվող թանկացումների մասին: Ամենայն հավանականությամբ, ամսեամիս թոշակների բաշխման ժամկետների երկարաձգումն ապացույց է այն բանի, որ գումարները «խաղացվում» են բանկերում կամ համապատասխան սոցիալական մարմինների կողմից պտտեցվում են, եւ «Խաչիկյան պլյուս բանդայի»՝ թոշակների յուրացման գործով «լավագույն ավանդույթները» շարունակվում են: Ի՞նչ տարբերություն՝ մեռածների՞ անվամբ գումարներ յուրացնեն, թե՞ ողջերի գումարները պտտեցնեն` այն հույսով, որ այս ընթացքում էլի մի քանիսը «վարի կգնան»: «Դե դաչնի սեզոնն սկսվել ա, տղեքին «վիզ» փող ա պետք, Դուբայ-մուբայ, Տայլանդ, Իսպանիա ...»,-հեգնում է վանաձորցիներից մեկը: Իսկ 1-2 օր ուշացնելն անգամ կարող է ճակատագրական լինել շատերի համար: Հիշեցնենք նաեւ, որ Վանաձորում պակասում են թոշակառուները, քանի որ շատերն անգամ թոշակի տարիքի չեն հասնում, եւ այս պայմաններում, երբ թոշակառու քիչ է մնացել, էլ ավելի անընդունելի է (եթե ոչ՝ ցինիզմի դրսեւորում) այս բնագավառում ուշացումները կամ մարդկանց ստորացնելը՝ տանել- բերելու կամ սպասեցնելու առումով, այն էլ՝ տոնի նախօրյակին: Իսկ ցինիզմի ծայրահեղ դրսեւորում է ոչ միայն թանկացումների ֆոնի վրա թոշակները չբարձրացնելը, այլեւ մի քանի հազար դոլարանոց բիոզուգարանների կառուցումը՝ պետբյուջեի հաշվին, մինչդեռ տարեցտարի պակասող թոշակառուների ավանդների վերադարձի համար բյուջեում այդպես էլ փող չգտնվեց: «Հետո էլ որ Լեւոնն ասում էր ավազակապետություն՝ նեղանում էին, ավազակապետություն չի, բա ի՞նչ ա»,- վերոնշյալ խնդիրները նկատի ունենալով՝ ասում է վանաձորցիներից մեկը: Փաստորեն, մինչ «վերեւներում» ԵԽԽՎ, վերահսկիչ-վերաքննիչ ու օֆշոր են «խաղացնում», «ներքեւներում» սոցիալապես անապահով խավերը բացարձակ անտերության են մատնված ու արհամարհանքի: Հավանաբար, պաշտոնյաներին միանգամայն «իրավացիորեն» թվում է, որ սահմանադրությունը միայն իրենց տոնն է, եւ ոչ թե հասարակ մահկանացուների, որոնք ստիպված են լինելու հայհոյել տոնն էլ, տոնն ստեղծողին էլ: Իսկ միգուցե դա ձեռնտւ՞ է ինչ-ինչ ուժերի, որոնք լծակներ ունեն պետական կառավարման համակարգում: Ի՞նչ իմանաս: Ակամա հիշում եմ խորհրդային տարիները, երբ ուսուցիչներից ոմանք դասամիջոցի զանգից ուրախացած աշակերտների ոգեւորության վրա «ջուր» էին լցնում՝ ասելով. «Զանգը ձեզ համար չի, ինձ համար է»: Ինչպես կասեին «Վիտամին-ակումբի» տղաները՝ «Թող ծափ տան նրանք, ովքեր այդպիսի ուսուցիչ են ունեցել»՝ որոնք էլ ուսանել են այն պաշտոնյաներին, որոնք այսօր գտնում են, որ Սահմանադրության տոնի միայն իրենց համար է, ոչ թե շարքային ժողովրդի:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/07/blog-post_4.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել