1in.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրմիտաժ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, դիմավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկել է նախ կարճ էքսկուրս կատարել աշխարհահռչակ թանգարանի որոշ ցուցասրահներում:

Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով, Միխայիլ Պիոտրովսկին անձամբ ուղեկցել և Տարոն Մարգարյանին ու քաղաքապետին ուղեկցող երևանյան պատվիրակության անդամներին է ներկայացրել թանգարանի մշտական ցուցադրությունների հարուստ հավաքածուների որոշ նմուշները: Անդրադարձ կատարելով Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմությանը՝ աշխարհահռչակ թանգարանի տնօրենը տեղեկացրել է, որ ներկայում Էրմիտաժում պահպանվում են ավելի քան երեք միլիոն մշակութային արժեքներ:

Այնուհետ Միխայիլ Պիոտրովսկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղեկցել է Էրմիտաժի «Ուրարտու» մշակույթի և արվեստի ցուցասրահ, որտեղ ներկայացված էին Ուրարտական ժամանակաշրջանի բացառիկ ցուցանմուշներ:

Թանգարանի տնօրենի հավաստմամբ՝ ներկայացված ցուցանմուշների մեծ մասն իսկապես բացառիկ են և իրենց ուրույն տեղն են գրավում աշխարհահռչակ թանգարանի հարուստ հավաքածուում:

Ուրարտական ցուցանմուշների դիտումից հետո Միխայիլ Պիոտրովսկին քաղաքապետին հրավիրել է ծանոթանալու նաև Էրմիտաժի Հայկական մշակույթի մշտական ցուցասրահում ներկայացված բացառիկ արժեքներին: 

Ներկայացված ցուցադրությունները դիտելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Միխայիլ Պիոտրովսկուն ջերմ ընդունելության ու ցուցանմուշներն անձամբ ներկայացնելու, ինչպես նաև Էրմիտաժում հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել