Armsport.am-ը գրում է.

Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպին։

«Սիրելի ֆուտբոլասերնե՛ր,

Ցանկանում եմ իմ ափսոսանքի խոսքը հայտնել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Խաղի 67-րդ րոպեին «Արարատի» պաշտպան Ժոաու Վիկտորը խախտում էր խաղի կանոններն իմ նկատմամբ, ինչը հանդիպման գլխավոր մրցավարի կողմից անարձագանք մնաց այնքան ժամանակ, քանի դեռ ես ստիպված չեղա պատասխան խախտում անել։ Ես հասկանում եմ, որ մրցավարը մարդ է և կարող է սխալվել կամ ուշ արձագանքել դրվագին, բայց այս պարագայում ուշ արձագանքը վատ հետևանքներ ունեցավ։

Չեմ ցանկանում արդարացնել արարքս։ Անկախ կատարվածից, ես չպետք է նման կերպ արձագանքեի մրցավարի սուլոցին։ Սխալ էր նաև հանդերձարանի ճանապարհին և այնուհետև սոցցանցերում տեղի ունեցածը։

Հարգում եմ «Արարատի» պաշոնական ֆան ակումբի երկրպագուներին։ Ժեստը ձեզ հետ կապ չուներ։

Հայցում եմ միջադեպի մասնակիցների և բոլոր ֆուտբոլասերների ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Էրիկ Վարդանյանը որակազրկվել է վեց ամսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել