Armdaily.am-ը գրում է.

Վերջին օրերին Կենդանաբանական այգին նորից հայտնվել է թոփ լուրերի ցանկում։ Թափառող շները օրեր առաջ հոշոտել էին 3 կենգուրու, այսօր էլ՝ 3 մուֆլոն։

Այս տեղեկությունը, բնականաբար, մեծ աժիոտաժ առաջացրեց, քաղաքապետարանից այգու տնօրենին առաջարկեցին դիմում գրել, հեռանալ, ինչը եւ արեց Ռուբեն Խաչատրյանը։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ այգու բազմաթիվ աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ կգրեն, պատրաստվում են անգամ գործադուլ անել, իսկ ժամը 16.00-ին էլ նախատեսված է աշխատակիցների եւ աշխատանքից ազատման դիմում ներկայացրած տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հանդիպումը։

Ի դեպ, կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականի հարցը մի քանի անգամ հայտնվել էր օրակարգում, ընդհուպ բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, սակայն այդ ժամանակ Խաչատրյանը չընկրկեց, անգամ երբ լուրջ մեղադրանքներ էին ներկայացնում։
Այժմ, իհարկե, քաղաքային իշխանությունը շների հարձակման աղմուկը խլացնելու ժամանակավոր լուծումը գտել են Խաչատրյանի հրաժարականի տեսքով՝ իհարկե ենթատեքստում ունենալով, որ նախկին իշխանությունների կադրերից է, իսկ առիթն էլ թափառող ոհմակների կենդանիների հոշոտելն է։
Սակայն դրանով թերեւս չի լուծվի եւ դեռ մեծ հարց է՝ երբեւէ կլուծվի՞ թափառող շների հարցը։

Թափառող շների մասով ահազանգերի պակաս չի եղել եւ չկա, խումբ-խումբ հսկայական շների կարելի է հանդիպել ընդհուպ կրթական հաստատությունների, բուժհաստատությունների շրջակայքում, այգիներում։ Բազմիցս դեպքեր են եղել, թե ինչպես են շները հարձակվում երեխաների, մեծահասակների վրա։
Այս խնդիրը, ինչպես նախկինում է եղել արդիական, այնպես էլ այժմ, եւ Աստված մի արասցե, եթե մի օր մարդկանց վրա շների հարձակման դեպքով հետեւանքը անդառնալի լինի, ո՞վ է համարվելու պատասխանատու, ում եք առաջարկելու դիմում գրել, ում հրաժարականն ենք պահանջելու։ Թե այդ մասին կխոսենք այն ժամանակ, երբ կոնկրետ դեպքեր լինեն՝ փաստերով։

Իսկ քաղաքային իշխանությունները շարունակում են հպարտանալ, որ տարածաշրջանում լավագույն կլինիկան են սարքում շների ստերջացման, այնքան լավը, որ ինքը քաղաքապետը վատ զգալու դեպքում պատրաստ է գնալ այնտեղ բուժվել։ Եւ քանի դեռ թափառող շների դեմ պայքարը սահմանափակվում է «ոլորտը կանոնակարգվել է, ճիշտ ուղու վրա ենք» լավատեսական եւ հուսադրող հայտարարություններով, բնակչությանը մնում է պատվաստվել կատաղության դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել