1in.am-ը գրել է.

«Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ Հայաստանում տուրիզմի զարգացումը կախված է լավ քաղաքականությունից և պետական մոտեցումից: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ զբոսաշրջությունը պետք է լինի ոչ թե սպասարկման ոլորտ, այլ երկրների բարեկամությունը շահելու որոշակի միջոց. «Պետք է մշակված քաղաքականություն վարել: Տուրիզմը պետք է բարձրացնի մեր վարկանիշն աշխարհում, իսկ այս ոլորտում լրջագույն բացթողում կա»:

Բանախոսը հատկապես ընդգծեց, որ մեզանում զարգանում է ոչ թե տուրիզմը, այլ Հայաստան եկող զբոսաշրջիկների համար հյուրանոցային բիզնեսը, ինչը պետք է վերջին տեղում լիներ: Գ. Գինոսյանն առաջարկեց կառուցել գյուղական հյուրատներ, որը մեր մշակույթին ավելի մոտ է. «Պետք է զարգացնել գյուղական զբոսաշրջությունը: Շատ կարևոր է, որ հատկապես ազգային ճարտարապետությունն ընդգծող տարածքներում լինեն այդ հյուրատները: Այժմ կան պահպանված նմուշներ, սակայն դրանք արված են ինքնաբուխ, ոչ թե համակարգված:

Նա նշեց նաև, որ մենք մշակույթ մատուցելու խնդիր ունենք: Պետք է զբոսաշրջիկին հանգամանալից, համատեքստի մեջ ներկայացնել մեր պատմությունը, հակառակ դեպքում աղոտ պատկեր է ստեղծվում, և նրան դուր չի գալիս երկիրը. «Հաճախ հյուրին որպես հայկական խոհանոց ներկայացվում է խորոված-քյաբաբը, բայց մենք այնքան հետաքրքիր ուտեստներ ունենք, որ կարող ենք դրանով ընդգծել մեր ազգային դիմագիծը»:

Վերջում նա հավելեց, որ մենք ունենք ոչ միայն Գառնի-Գեղարդ, Սևան, այլև անձեռակերտ հուշարձաններ, ժայռապատկերներ, գորգեր, խաչքարեր և այլն, որոնք պետք է ցույց տանք զբոսաշրջիկներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել