Armenianow.com-ը գրում է.
Մեկ դար ապրած Հովհաննեսի աչքերը ծննդյան տորթի վառվող մոմերի արտացոլումից մանկանում են ու հեքիաթի նմանվում: Անցած հարյուր տարիները ամբարում է հայացքում, ամուր սեղմում կոպերը և փչում մոմերը:
Կյանքս ավարտվել է, բայց դեռ շարունակում եմ ապրել»,- ասում է նա:
100-ամյա հոբելյարին գրկում է քույրը՝ 75-ամյա Ալիսան: Արցունքներով ողողում են իրար: Նրանց շրջապատել են երեխաները, թոռներն ու ծոռները, ովքեր Մուսա լեռից Էջմիածին հասած Բալաբանյան ընտանիքի շարունակողներն են:
Արդեն որերորդ անգամ Հովհաննեսը պատմում է Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի, օգնության հասած ֆրանսիացիների մասին, ու ամեն անգամ երկնագույն աչքերում արցունքներն ալիք են տալիս, ձայնը դողում է: Մի պահ շունչ է քաշում ու, չնայած պատկառելի տարիքին, առանց շփոթելու շարունակում պատմությունը՝ հստակ տարեթվերով ու տեղանուններով:
«Կարդացե՞լ ես Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», գիտե՞ս, չէ, ով էր Դարտիժ դյու Ֆուռնեն,- հարցնում է ինձ և միայն իմ դրական պատասխանից հետո շարունակում,- մուսալեցիները սպիտակ սավաններից դրոշակ էին սարքել ու վրան անգլերեն գրել՝ «Christians in drstress: riscue! Մոտ էլ կրակ էին վառել, որ անցնող նավերն իրենց նկատեն: Ֆրանսիական «Գիշեն» հածանավը 1915 թվականի սեպտեմբերի 5-ին երևում է լեռան դիմաց: Իսկ սեպտեմբերի 14-ին ժամանում են ևս չորս նավեր և ծովակալ Դարտիժ դյու Ֆուռնենի հրամանատարությամբ նավ վերցնում շուրջ 5000 մուսալեռցիների»:
Ֆրանսիական նավերը մուսալեռցիներին հասցնում են Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ, որտեղ հիմնված վրանային քաղաքում նրանք ապրում են չորս տարի: Միայն 1919-ի հուլիսին նրանց հնարավորություն է տրվում հայրենիք վերադառնալու:
Արդեն մեկ դար կարոտը չի ցամաքում Հովհաննեսի հոգուց, նա միշտ իր ծննդավայրում է՝ Բիթիասում:
«Մեր սարերից, աղբյուրների ջրերից ուրիշ ոչ մի տեղ չկա… Կարապետ պապս ու Մովսես պապս էին սարքել մեր տները՝ երկհարկանի, երկու մուտքով՝ մեկը դեպի այգի էր տանում, մյուսը՝ դուրս: Եղբայրներն ընտանիքներով նույն բակում էին ապրում՝ 25 հոգի, հաշտ ու համերաշխ: Լաց ու կոծով հեռացանք, ոնց որ հիմա էս տան դուռը փակենք ու գնանք…»- հիշում է Հովհաննես պապը, ու երկնագույն աչքերից երկնագույն արցունք է հոսում:
20 տարի անց` 1939-ի հուլիսի 23-ին, Բրիտանական դիվանագիտությունը Թուրքիային է շնորհում Ալեքսանդրետի նահանգը, այդ թվում նաև` Մուսա լեռը: Մուսալեռցիներն ընդմիշտ լքում են Հաջի Հաբիբլի, Բիթիաս, Յողուն, Օլուք, Քեբուսիե, Վագըֆ, Խըդըր Բեգ գյուղերը և փոխադրվում Լիբանանի կիսաանապատ` Այնճար:
Նորից՝ նոր արմատներ, բայց արդեն անհայրենիք ու գաղթական դարձած:
Հովհաննեսի ծնողները՝ Մովսես և Մարիամ Բալաբանյանները, յոթ երեխա են ունեցել՝ Հովհաննես, Եղիա, Արտաշես, Արշակ, Հաբեթ, Բեատրիս, Ալիսա: Յոթ տարի Այնճարում ապրելուց հետո՝ 1946-ին, հայրենադարձվում են:
«1945 թվին Սովետից դելեգացիա էր եկել, ասում էին՝ նավը կգա ու ձեզ կբերի Հայաստան: Ամբողջ օրը երգում էինք՝ «Օդեսայի նավերը կգան Լիբանան, Լիբանանի հայերը կերթան Հայաստան, Ա՜յ քարավան, ջա՜ն քարավան, քշի՜ քո ճամփան»: Բաթումում մնացինք 12 օր, հետո գնացքով՝ Հայաստան: Մեզ ուղարկեցին Էջմիածին, ու աշխարհը մերն էր, ապրելու էինք Էջմիածնում, որը համաշխարհային սրբավայրի անուն ուներ»,- հիշում է Հովհաննես պապը:
Մի քանի տարի անց սկսվում են ստալինյան ռեպրեսիայի տարիները: Հիշում է՝ ինչպես մի գիշեր սրտացավ ընկերներն այցելում են ու խորհուրդ տալիս, որ ընտանիքներով գիշերը տանը չմնան:
«Վանքի մատաղատանը գիշերեցինք, սալաքարերի վրա: 1949 թվի հուլիսի 13-ն էր: Առավոտյան դուրս եկա, հասա Էջմիածնի հրապարակ ու տեսածիցս ցնցված էի. բոլորը լացում էին, գոռում, մարդկանց աքսորում էին… մուսալեռցիներից էլ տարան, մեջներս լրտեսներ էին փնտրում»,- պատմում է նա:
Ինչպես Բիթիասում, այնպես էլ Էջմիածնում այս անգամ Հովհաննեսն է եղբայրների հետ տները կառուցում կողք կողքի: Ամուսնանում է մուսալեռցի Կարինեի հետ, ունենում երկու աղջիկ, մեկ տղա:
Սեփական կյանքի ժապավենը դիտում է ու մեկնաբանում ամեն մի հատվածը: Պատմում է, թե ինչպես իրենց՝ մուսալեռցիների ջանքերով Հայաստանում կառուցվեց Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշակոթողը, որտեղ ամեն տարի սեպտեմբերի վերջին կիրակի օրը հավաքվում են աշխարհում ապրող բոլոր մուսալեռցիները, ավանդական հարիսա պատրաստում և տոնում հերոսամարտի տարեդարձը:
40 տարի հարիսա եփողներից մեկն է եղել: Էջմիածնում նրան հարիսայի վարպետ են կոչել:
«40 կաթսա հարիսա էինք եփում՝ 500 կիլո մսով, ամեն կաթսայում 6 կիլո միս պետք է լիներ… էս երկու տարին էլ չեմ կարողանում մասնակցել տոնակատարությանը, ոտքիս ուժը հատել է»,- դժգոհում է մեկ դար ապրած մուսալեռցին:
Բացատրում է Բալաբանյան ազգանվան գաղտնիքը:
«Պապերիցս մեկը մի հսկա ժայռ է տեղահան արել, շատ ուժեղ տղամարդ է եղել, դրանից հետո բոլորը ասել են. «Ա՛յ մարդ, դու հո բալաբա՞ն չես», ինչը նշանակում էր հսկա, շատ ուժեղ… Բոլորը սկսել են մեզ Բալաբան անվանել, այստեղից էլ մեր ազգանունն է առաջացել»,- պատմում է Հովհաննես Բալաբանյանը:
Նրա երամը շատ է պակասել, ասում է. «Իմ տարիքի տղերքից էլ չկան»: Ամեն օր լուրեր է լսում ու մեկնաբանում. «Սիրիան քանդեցին, Սիրիա, էլ չկա… Հայաստանում էլ կյանք չի մնացել… Տարիներ առաջ Ամերիկայում ապրող հարազատներս ասում էին՝ քեզ էլ բերենք ստեղ, ասեցի՝ չէ՛, իմ վերջին բույնը էս է՝ Հա-յաս-տան»,- ասում է նա:
100-ամյա Հովհաննեսի երազանքը մեկն է՝ մեկ անգամ էլ լինել Բիթիասում ու նոր փակել աչքերը, իսկ մինչ այդ ամեն գիշեր քնում է կողքի մահճակալին դրված հանգուցյալ կնոջ լուսանկարի հետ:



