Առաջին և հիմնական բանը, որ այս գրքում գնահատում եմ, համարձակությունն է։ Համարձակությունը կարծրատիպերից այն կողմ անցնելու, «թշնամի» ժողովրդին գովերգելու՝ ըստ երևույթին գիտակցելով, որ դա իր՝ հեղինակի վրա ծանր կարող է նստել։

Մյուս կողմից մտածում ես. եթե ես ցանկանայի վիպակ գրել, որը կօգներ հայերին և ադրբեջանցիներին հաշտվել՝ արդյո՞ք դա կլիներ «Քարե երազները»։ Չգիտեմ։ Չեմ կարծում։ Ինձ թվում է, ես ամեն ինչ կանեի, որպեսզի երկու կողմերի կրած ցավերն էլ ու գործած հանցանքերն էլ տեղ գտնեին այնտեղ։ Ես կսահմանեի խնդիրները ու կփորձեի դրանց լուծում գտնել։ Ասենք դա կլիներ բիլդունգսռոման. գլխավոր հերոս կընտրեի ազգայնական ու խանդավառ մի երիտասարդ, որը աճում է ու հասնում է համամարդկային ու բարձր-ազգայնական արժեքների։ Իսկ դրա համար նա պետք է հաղթահարի հոգեբանական, բարոյական ու սոցիալական խնդիրներ։

Այդ խնդիրները ես չեմ տեսնում «Քարե երազներում»։

Վիպակի հերոսը՝ Սադայ Սադըղլին, արդեն կայացած անհատ է։ Նա վեր է կանգնած ազգայինից, նա չի վախենում իր ժողովրդին ու իշխանություններին քննադատելուց, ու բացի այդ նա ծայրահեղ սեր է տածում հայերի, հայոց պատմության ու նույնիսկ հայերի կրոնի նկատմամբ։

Որքանո՞վ է այդ կերպարը հասկանալի ադրբեջանցիների համար։ Վախենում եմ, որ բոլորովին էլ հասկանալի չէ։

Ի դեպ, որոշ մեջբերումներ վեպից այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել