Հնդկաստանի հյուսիսում Ջամուի եւ Քաշմիրի եւ Լադաքի դաշնային տարածքների կազմավորման վերաբերյալ երկրի կառավարության որոշումը հոկտեմբերի 31-ին պաշտոնապես մտել է ուժի մեջ:

«Այսօր Ջամուն ու Քաշմիրը եւ Լադաքն ընդառաջ քայլ են անում նոր ապագային»,- այդ առիթով հայտարարել է հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդին՝ Գուջարաթի նահանգում ելույթ ունենալով Ազգային միասնության օրվա առթիվ: Նրա խոսքը մեջբերում է NDTV հեռուստաալիքը:

Ինչպես նշել է Մոդին, Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածը, որը Ջամուին եւ Քաշմիրին հատուկ կարգավիճակ էր օժտել, այդ տարածաշրջանին «սոսկ անջատականություն եւ ահաբեկչություն» է բերել: «Դա միակ վայրն է մեր երկրում, որտեղ գործել է այդ հոդվածը, որի պատճառով անցած 30 տարում 40 հազար մարդ է զոհվել ահաբեկիչների ձեռքով»,- ասել է Հնդկաստանի ղեկավարը:

Օգոստոսի հինգին Նյու Դելիում հայտարարեցին Սահմանադրության 370-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու որոշման մասին՝ դրանով իսկ վերացնելով Ջամուի եւ Քաշմիրի նահանգը եւ երկու դաշնային տարածքներ ստեղծելով այդ տարածաշրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել